ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր ԱԺ պատգամավորների հետ հանդիպումից հետո պատասխանել է լրագրողների հարցերին: ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը տարածել է ճեպազրույցի արձանագրությունը:
– Արդյո՞ք Հայաստանը Վիլնյուսում նախատեսում է նախաստորագրել ասոցացման համաձայնագիրը:
Մենք հստակ ենք արտահայտվել, դրա մասին ես ասել եմ նաև իմ հանդիպման ժամանակ Լիտվայի արտգործնախարարի հետ, իսկ դուք գիտեք, որ Լիտվան այսօր նախագահում է Եվրամիությունում: Հանձնակատար Ֆյուլեի հետ հանդիպումից հետո հրապարակված հաղորդագրության մեջ ընդգծվեց Հայաստանի կողմից արտահայտված ցանկությունը՝ հնարավոր բոլոր ձևաչափերով և ուղղություններով շարունակել զարգացնել հնարավորինս սերտ և խորը համագործակցությունը Եվրամիության հետ, շարունակել առաջ տանել մեր հարաբերությունները այն բոլոր դրականի, ձեռքբերումների հիման վրա, որոնք արձանագրվել է վերջին տարիներին Հայաստանի և Եվրամիության միջև, որքանով որ դա հնարավոր կլինի Եվրամիության կողմից և որը չի հակասի Հայաստանի որոշմանը մասնակցել, անդամակցել Մաքսային միությանը:
– Կա՞ այդպիսի հնարավորություն:
Մենք ենք ասում, և դուք տեսաք, որ Լիտվայի արտգործնախարարը նաև նշեց, որ այո, մենք պետք է շարունակենք առաջ տանել Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունները՝ այն ձեռքբերումների հիման վրա, որոնք արձանագրվել են վերջին տարիներին։
– Պարոն նախարար, ինչու՞ են դժգոհում ընդդիմադիրները և ասում սպառիչ պատասխան չեղավ:
Եթե որևէ մեկը ցանկանում է միայն իր հարցը հնչեցնել և չլսել պատասխանը, ապա, կարծում է, որ պատասխան չկա: Պատասխանները բոլոր այն հարցերին, որոնք հնչել են, ես տվել եմ: Եթե որևէ մեկը դա չի ըմբռնում, կամ չի ընդունում այդ պատասխանները, որովհետև այլ կարծիք ունի, դա արդեն իր անձնական գործն է: