«Դեմ ենք մաքսային միությունը» նախաձեռնության անդամներն այսօր բողոքի ակցիա են անցկացրել նախագահական նստավայրի դիմացի մայթին և, դիմելով եվրոպացի գործընկերներին, կոչ են արել դադարեցնել աշխատանքը Սերժ Սարգսյանի և նրա թիմի ներկայացուցիչների հետ, ավելի ակտիվ աշխատել քաղաքացիական հասարակության և ժողովրդավարացումն ու եվրոպական ինտեգրումը իրապես առաջնահերթություն համարող քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ:
Բացի դա, հավաքվածները պահանջել են հրապարակել 3,5 տարվա ՀՀ-ԵՄ բանակցությունների արդյունքները՝ նախաստորագրման ենթակա Ասոցացման պայմանագրի կամ առվազն Խորը և համապարփակ առևտրի ազատ համաձայնագիրը: Նրանք պահանջել են նաև վիզաներ չտրամադրել Հայաստանի խորհրդարանի այն պատգամավորներին և նրանց հետ փոխկապակցված անձանց, ովքեր ներքաշված են կոռուպցիայի և ընտրակեղծիքների մեջ, ինչպես նաև արդարադատության համակարգը քաղաքական նպատակներով օգտագործված և Մարտի 1-ի սպանությունները կոծկած դատավորներին և պաշտոնյաներին: