«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) դիմել է ՀՀ Ազգային ժողովի և Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովներին՝ խնդրելով քննության առնել օրինաստեղծ գործունեությունը ձեռնարկատիրական գործունեությանը զուգակցելու պարագայում ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի կողմից պատգամավորի էթիկայի կանոնները խախտելու հարցը:
Կենտրոնը նաև խնդրել է տեղեկատվություն տրամադրել Հերմինե Նաղդալյանի հայտարարագրած գույքի և եկամուտների և դրանց աղբյուրների վերլուծության և ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկությունների հետ համադրման վերաբերյալ:
Միաժամանակ կենտրոնը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովից հայցել է ստանալ հանձնաժողովի պաշտոնական դիրքորոշումը բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից ձեռնարկատիրական գործունեության մեջ ներգրավվածության և հանրային գնումների գործընթացներին նրանց ընկերությունների մասնակցության վերաբերյալ:
ԹԻՀԿ-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ Էթիկայի հանձնաժողովներին դիմելու հիմք է հանդիսացել «Հետք» ինտերնետային լրատվամիջոցի օգոստոսի 29-ի համարում հրապարակված «Նաղդալյանին պատկանող ընկերության հետ 409 մլն դրամի պետական գնման պայմանագիր է կնքվել» վերտառությամբ նյութը, ըստ որի առանց մրցույթի պետական գնումների պայմանագիր է կնքվել Հ. Նաղդալյանին պատկանող «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ի հետ և ՀՀ կառավարության որոշմամբ հատկացվել է 416 մլն 769 հազար դրամ «Ավտոճանապարհ Մ-2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական Հանրապետության սահման առանձին հատվածների հիմնանորոգման» աշխատանքների կատարման համար:
ԹԻՀԿ-ն գտնում է, որ ԱԺ փոխնախագահ Նաղդալյանի մասնակցությամբ ընկերության կողմից առանց մրցույթի պետական գնումների պայմանագիր կնքելը հանրության մոտ հիմնավոր կասկածներ է առաջացնում պաշտոնի հեղինակությունը չարաշահելու մասին, ինչի հետևանքով բացասական կարծիք է ձևավորվում ԱԺ պատգամավորի և նրա կողմից ներկայացվող կառույցի մասին: