Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանը երկուշաբթի՝ սեպտեմբերի 9-ին, ցուցմունք է տվել՝ ընդունելով երթևեկության կանոնները խախտելու մեջ իր դեմ առաջադրված մեղադրանքը: Ցանկանալով խուսափել բախումից առջևում կանգնած մեքենաների հետ ու, հետևաբար, բազմաթիվ զոհերից, սխալ որոշում է ընդունել ու դուրս եկել հանդիպակաց գիծ, որն այդ պահին դատարկ է եղել: Հարությունյանը հայտարարել է, որ խիճով բեռնված «Կամազ»-ի արգելակները չեն արձագանքել, իսկ քանի որ ճանապարհը զառիթափ էր, ընթացքն էլ ավելի է ուժեղացել: Այս մասին «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ին հայտնել է Հարությունյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանը:
«Բեռնված, «առանց արգելակների» ինքնաթափը զառիթափ ճանապարհի վրա այլ կերպ հնարավոր չէ կանգնեցնել, այդ պատճառով վարորդը որոշել է մեքենան դուրս բերել առջևի խաչմերուկի ազատ տարածություն, որտեղ մեքենաներ չեն եղել: Փաստացի դա նրան հաջողվել է. ղեկը կտրուկ ձախ թեքելով՝ մեքենան դուրս է բերվել, բայց ավտոբուսի հետ բախումից խուսափել չի հաջողվել: Հարությունյանն ավտոբուսը վերջին պահին է տեսել, երբ «Կամազ»-ի անիվներն արդեն օդում էին: Մինչ այդ նրա տեսադաշտը փակել էր խաչմերուկի մոտակայքում գնտվող բնակելի շենքը»,- հավելել է փաստաբանը:
Մարգարյանի խոսքով՝ իր պաշտպանյալը անկեղծորեն ցավում է պատահածի համար և հասկանում է զոհերի հարազատների կորուստն ու ցավը, քանի որ ինքն էլ մի տարի առաջ որդի է կորցրել:
«Նա զոհերի հարազատներից ներողություն է խնդրում ու նաև հասկանում, որ ոչ մի կերպ չի կարող քավել իր մեղքը նրանց առաջ»,- իր պաշտպանյալի խոսքերն է փոխանցել փաստաբանը: