Չինաստանը պատրաստ է իր քաղաքացիներին որպես զբոսաշրջիկներ ուղղորդել, որպեսզի նրանք այցելեն Հայաստան: Այս մասին այսօր հայտարարել է Չինաստանի վարչապետ Լի Կեցիանը Դալիան քաղաքում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ կայացած հանդիպման ժամանակ:
«Տեղյակ եմ, որ և՛ անձամբ Դուք, և՛ հայ ժողովուրդը շատ եք կարևորում չինական մշակույթը: Այդ առումով մենք պատրաստ ենք ձեր ուսանողների թվաքանակը Չինաստանի բուհերում ավելացնել, ինչպես նաև ընդլայնել Կոնֆուցիի կենտրոնի գործունեությունը»,- նշել է Չինաստանի վարչապետը։
Նրա խոսքով՝ աշխատանքներ են տարվելու չինական ներդրումները Հայաստանում ավելացնելու ուղղությամբ:
«Մենք նաև պատրաստ ենք Հայաստանից դեպի չինական շուկա ներմուծել տարբեր ապրանքներ։ Բացի Հայաստանում ներդրումներ անելուց, մենք ցանկանում ենք չինական շուկայում տեսնել հայկական կոնյակ, ոսկերչական իրեր և թանկարժեք քարեր։ Հայաստանն ու Չինաստանը բարեկամ երկրներ են, և մենք չափազանց ուրախ ենք, որ դուք այստեղ եք մասնակցելու համաշխարհային տնտեսական ֆորումին՝ այսպես կոչված ամառային Դավոսին։ Հաշվի առնելով այս հանգամանքը, և ի նշան մեր երկրների ընկերական հարաբերությունների՝ մենք որոշում ենք կայացրել, Հայաստանի կառավարությանը լրացուցիչ հարյուր միլիոն յուանի (շուրջ 16 միլիոնի դոլար) անհատույց ֆինանսական օգնություն տրամադրել համատեղ ծրագրերի իրականացման համար», – հայտարարել է Կեցիանը։
ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը նշում է, որ 2013 թվականի համար Չինաստանի կառավարությունը Հայաստանին արդեն իսկ տրամադրել էր շուրջ 11 միլիոն դոլարի դրամաշնորհ անհատույց տեխնիկական օգնության ծրագրի շրջանակներում։ Այդ գումարի հիմնական մասը տրամադրել է Երևանում չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի շինարարությանը, իսկ մյուս մասով Հայաստանը մաքսային ծառայության համար ձեռք է բերել մաքսային զննման շարժական սարք (սկաներ):
Տիգրան Սարգսյանը Չինաստանի վարչապետին խնդրել է, որպեսզի, բացի չինական շուկայում կոնյակը ներկայացնելուց, օգնի նաև, որպեսզի ծխախոտն էլ արտահանվի Չինաստան:
«Ուզում եմ տեղեկացնել նաև, որ մենք Երևանում հիմնել ենք ազատ տնտեսական գոտի և բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող չինական ընկերություններին հրավիրում ենք այդ տարածքում աշխատելու»,- նշել է Հայաստանի վարչապետը
Անդրադառնալով Հայաստանի Մաքսային միությանը միանալու որոշմանը՝ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանը ցանկություն ունի նաև դիտորդի կարգավիճակ ձեռք բերել համագործակցության Շանհայի կազմակերպությունում, և այս առումով Հայաստանին անհրաժեշտ կլինի Չինաստանի օժանդակությունը։
Լի Կեցիանը նշել է, որ Չինաստանը շատ լավ է հասկանում Հայաստանի ցանկությունը ակտիվ մասնակցել տարածրջանային գործընթացներին և Չինաստանը նույնպես տրամադրված է ակտիվ հարաբերություններ ունենալ Մաքսային միության հետ։ Չինաստանի վարչապետը նաև նշել է, որ Չինաստանը Շանհայի կազմակերպության իր գործընկերների հետ կքննարկի Հայաստանի դիտորդի կարգավիճակ ունենալու հարցը։