ԱԺ պատգամավորները խիստ դժգոհ են մնացել Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից: Մանրամասները լրագրողներին չեն ներկայացրել:
Այսօր ԱԺ-ում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը փակ հանդիպում է անցկացրել ԱԺ պատգամավորների հետ: Հանդիպմանը քննարկվել է Մաքսային միությանը միանալու Սերժ Սարգսյանի որոշումը: Հանդիպման ավարտին պատգամավորները հրաժարվել են մանրամասներ հայտնել քննարկումից՝ ասելով, որ կա պայմանավորվածություն, որ մանրամասները հրապարակման ենթակա չեն:
«ՀՀ ԱԳՆ նախարարը չունի պատասխան: Քանի որ հանդիպումը փակ էր, չեմ կարող հարցերը հնչեցնել, սակայն կարող եմ ասել, որ արտգործնախարարը որևէ հարցի չի պատասխանել: Ասում էր ամեն ինչ, բացի այն, ինչ կապ ուներ հարցի և դրա էության հետ»,- լրագրողներին ասել է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Հանդիպումից իր դժգոհությունը պատգամավորը հայտնել է նաև 12:00-ին մեկնարկած ԱԺ նիստի ընթացքում՝ ասելով, որ Մաքսային միության հարցում ԱԳՆ-ի լռելը վկայում է, որ կամ տեղի ունեցողի մասին տեղեկությունն այնքան անբարենպաստ է, որ իշխանությունը չի կարող այն ներկայացնել, կամ իշխանությունը ինքը տեղյակ չէ, թե ինչ է կատարվում:
Հանդիպումից դժգոհ էր նաև ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Ես չստացա իմ հարցի պատասխանը, թե ինչ է ստանում Հայաստանը տնտեսական մեկ ռեժիմը մեկ այլ ռեժիմով փոխարինելով»,- ասել է նա:
Հանդիպման մասին մի փոքր ավելի շատ է խոսել ՀՅԴ-ական պատգամավոր Արմեն Ռուստամյանը:
Նա ասել է, որ ռազմական և էներգետիկ անվտանգության առումով Հայաստանը Ռուսաստանին այլընտրանք չունի:
«Հարցն այն է, թե ինչու քայլեր չեն ձեռնարկվել, որ մենք ընտրության ավելի մեծ հնարավորություն ունենայինք: Ես իմ հարցերի պատասխանները չստացա: Ես ասացի, որ պետք է Հայաստանը հստակեցնի իր արտաքին քաղաքական վեկտորը, մենք պետք է ասենք, որ սկսում ենք Մաքսային միությունից և հասնելու ենք մինչև Եվրասիական միություն, ոչ միայն տնտեսական մասով, այլև քաղաքական մասով: Էդ հստակության հիման վրա մեր հարցերը ձևակերպենք: Առաջին հարց՝ այս գործընթացի մեջ որտեղ է լինելու Ղարաբաղը: Երկրորդ՝ Հայաստանի համաձայնագրերը, օրինակ՝ Առևտի համաշխարհային կազմակերպության հետ, չեն տուժելու արդյոք այս պրոցեսից: Երրորդ հարց՝ հիմա շարունակում ենք Ասոցացման մասին խոսել, իհարկե այլ, ավելի փոքր ծավալով, հետագայում մեզ չե՞ն ստիպի Վիլնյուսի այդ համաձայնագիրը վերանայել»,- ասել է Ռուստամյանը:
Վերջինս նշել է, որ Նալբանդյանի խոսքով՝ Ղարաբաղը Մաքսային Միությանը Հայաստանի միանալուց չի տուժի:
Ի օգուտ Ռուսաստանի հետ համագործակցության խոսելով՝ Ռուստամյանն ասել է, որ Ասոցացման պայմանագիրը ենթադրելու էր մաքսակետի տեղադրում Հայաստանի և Ղեռնային Ղարաբաղի սահմանին, ինչը, հավանաբար պարտադիր չի լինի՝ համենայնդեպս հիմա՝ Մաքսային միության մեջ մտնելու ժամանակ: