«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակռուպցիոն կենտրոն ՀԿ-ն (ԹԻՀԿ) դիմել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով՝ խնդրելով քննության առնել ՀՀ Ազգային անվտագության ծառայության պետ Գորիկ Հակոբյանի կողմից էթիկայի կանոնները խախտելու փաստը:
ԹԻՀԿ-ն հիշեցնում է, որ սեպտեմբերի 5-ին՝ ՀՀ կառավարության հերթական նիստի օրը, կառավարության շենքի դիմաց անցկացվող բողոքի հերթական ակցիայի մասնակիցների կողքով անցնելով, կառավարության շենք մուտք գործելիս՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանը, դրսևորելով իր պաշտոնին անհարիր վարքագիծ, ակցիա անցկացնող ցուցարարներից մեկի աղաղակներին ի պատասխան, արձագանքել էր «Էշ ա, արա'», «ի՞նչ ես գոռում, ա'յ ոչխար» արտահայտություններով:
««Հանրային ծառայության մասին» օրենքը սահմանում է հանրային ծառայողի և բարձրաստիճան պաշտոնատար անձի էթիկայի կանոնները, այդ թվում`
• «հարգել օրենքը և ենթարկվել օրենքին,
• իր գործունեությամբ նպաստել իր զբաղեցրած պաշտոնի և իր ներկայացրած մարմնի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը,
• ամենուր և ցանկացած գործունեությամբ զբաղվելիս դրսևորել իր պաշտոնին վայել վարքագիծ,
• հարգալից վերաբերմունք ցուցաբերել բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ շփվում է իր լիազորություններն իրականացնելիս»:
ԹԻՀԿ-ն գտնում է, որ Գորիկ Հակոբյանի՝ քամահրական և անհարգալից վերաբերմունքը քաղաքացիների նկատմամբ բարձրաստիճան պաշտոնատար անձ հանդիսացող հանրային ծառայողին ոչ հարիր վարքագիծ է և նրա կողմից էթիկայի կանոնների կոպիտ խախտում է, որպիսի պարագայում վտանգվում է նաև հարգանքի և վստահության ձևավորումը նրա ներկայացրած մարմնի` ԱԱԾ-ի նկատմամբ», – ասված է ԹԻՀԿ-ի հաղորդագրության մեջ: