Սեպտեմբերի 10-ին Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ 0:1 հաշվով պարտություն կրեց Դանիայի ընտրանուց և կորցրեց 2014 թվականի Աշխարհի Գավաթի խաղարկության եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճելու հնարավարությունները: Հայաստանցիների բազմաթիվ կադրային խնդիրներին (բացակայում էին Ռոման Բերեզովսկին, Ռոբերտ Արզումանյանը, Յուրա Մովսիսյանը) հանդիպման ընթացքում ավելացան նորերը: Դեռևս առաջին խաղակեսի ընթացքում վնասվածք ստացավ առանցքային հենակետային կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը, իսկ նրան փոխարինած Արթուր Սարկիսովը չկարողացավ դուրս գալ երկրորդ խաղակեսին՝ նույնպես վնասվածքի պատճառով:
Սարկիսովի փոխարեն խաղադաշտ դուրս եկավ երիտասարդ ու անփորձ Սարգիս Ադամյանը, ով առաջին պաշտոնական խաղն էր անցկացնում Հայաստանի հավաքականում. հարձակման գծում այլ տարբերակներ հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանը չուներ:
Անգամ այդ պայմաններում Հայաստանի ընտրանին կարողանում էր դիմակայել մրցակցին: Առաջին խաղակեսի մեկնարկային հատվածում դանիացիները առավելություն ունեին, սակայն Գևորգ Կասպարովի մի քանի սեյվի շնորհիվ մեր թիմը պահեց 0:0-ն: Երկրորդ խաղակեսում հայաստանցիներն ավելի աշխույժ էին գործում, իսկ մրցակիցը գրեթե ոչինչ չէր ստեղծում մեր դարպասի մոտ: Մեր թիմը գոլային պահ ունեցավ անկյունայինի խաղարկությունից հետո, երբ գնդակը անդրադարձավ դանիացիների ֆուտբոլիստից և դիպավ դարպասաձողին: Սակայն 73-րդ րոպեին մեկ խաղային դրվագը վճռեց հանդիպման ելքը. Վիկտոր Ֆիշերը դանիացիների հարձակման ձախ եզրում օգտվեց Կամո Հովհաննիսյանի անփութությունից, ներխուժեց տուգանային հրապարակ, որտեղ էլ նրան գցեց Վարազդատ Հարոյանը: Վերջինս լավագույն պաշտպանն էր հայաստանցիների կազմում ու մինչ այդ դրվագը անթերի էր գործում, բայց ստիպված եղավ լքել դաշտը խախտման համար ստացած 2-րդ դեղին քարտի պատճառով: Դանիել Ագերն իրացրեց 11-մետրանոցը, իսկ մնացած ժամանակ 10 հոգով խաղացող Հայաստանի հավաքականի ջանքերը ոչնչի չբերեցին: Մեկ դրվագում միայն Արաս Օզբիլիսը վտանգավոր իրացրեց տուգանայինը, սակայն դարպասապահ Ստեֆան Անդերսենը փրկեց իր թիմին:
Խաղից հետո Հայաստանի ընտրանու մարզիչ Վարդան Մինասյանը ասել է, որ հանդերձարանում շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստներին իրենց նվիրման ու ցուցադրած լավ խաղի համար:
«Երբ հինգ ֆուտբոլիստներ ես կորցնում, դժվար է: Հանդիպման ընթացքում անընդհատ փոխում էին դասավորությունը: Դժվար է որևէ մեկին մեղադրել», – ասել է Մինասյանը:
Հայաստանի հավաքականը դեռևս երկու խաղ ունի անցկացնելու՝ Բուլղարիայի ու Իտալիայի հետ կխաղանք հոկտեմբերին: Հիմնական խնդիրը, որին բախվեց մեր ընտրանին այս փուլում խաղային անկայունությունն է՝ 0:1 Մալթայից կրած պարտությանը հաջորդում է 4:0 հաղթանակը Դանիայի նկատմամբ: Դա խոսում է այն մասին, որ այս ընտրական փոլում լուրջ խնդիրներ լուծելու համար չկար անհրաժշետ բարձր կարգը: Ոչ բոլոր դիրքերն են «փակված» բարձրակարգ խաղացողներով, իսկ առանցքային ֆուտբոլիստներից մեկի կորուստը միանգամից լուրջ խնդիրներ է ստեղծում: Բացի դա, Հայաստանի ընտրանին ոչ մի միավոր չի վաստակել սեփական հարկի տակ՝ 4 պարտություն կրելով:
Լուսանկարը՝ Մարինե Մկրտչյան, armfootball.com