Սերժ Սարգսյանը երեկ շնորհավորական ուղերձ է հղել Սերգեյ Սոբյանինին՝ Մոսկվայի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
«Ընդունեք սրտանց շնորհավորանքներս Մոսկվայի քաղաքապետի պաշտոնում Ձեր ընտրվելու կապակցությամբ:
Կայացած ընտրությունների արդյունքները վկայում են մոսկվացիների բարձր վստահության և Մոսկվայի սոցիալ-տնտեսական կայուն զարգացման ապահովման գործում քաղաքական և վարչական գործունեության Ձեր հարուստ փորձի պահանջարկի մասին:
Մաղթում եմ Ձեզ նորանոր հաջողություններ Ձեր գործունեության մեջ՝ ուղղված Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքի բարգավաճմանն ու նրա բնակչության բարեկեցությանը», – Սերժ Սարգսյանը խոսքը փոխանցում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:
Նշենք, որ կիրակի օրը կայացած Մոսկվայի քաղաքապետի ընտրություններին, պաշտոնական տվյալների համաձայն, Սոբյանինը հավաքել է ձայների 51,37 տոկոսը, ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին՝ 27, 34 տոկոսը: Վերջինս հայտարարել է, որ չի ընդունում ընտրությունների արդյունքերը և պահանջել է երկրորդ փուլ անցկացնել: