Նախագահական նստավայրի դիմաց 4-րդ անժամկետ նստացույցն անցկացնող Աշոտ Խուդոյանը խոստանում է հացադուլ սկսել, եթե իր խնդիրը շարունակեն անուշադրության մատնել:
Էջմիածնի բնակիչներ Աշոտ և Հեղինե Խուդոյանները 4 մանկահասակ երեխաների հետ գիշերն անցկացրել են նախագահական նստավայրի մոտ: Խուդոյանները երեկվանից 4-րդ անգամ անժամկետ նստացույց են սկսել Երևանի կենտրոնում: Նրանք պահանջում են արդար վճիռ կայացնել պապական կտակի հարցով, որը, ըստ ընտանիքի անդամների, կեղծվել է: Աշոտ Խուդոյանը, Epress.am-ի հետ զրույցում պատմել է, որ այսօր առավոտյան ընտանիքի անդամների հետ գնացել է Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկ՝ Սերժ Սարգսյանի տան մոտ՝ հուսալով տեսնել վերջինիս:
Սարգսյանի ավտոշարասյունը, սակայն, բողոքողների մոտ չի կանգնել:
«Նրանք հետաքրքիր կոմբինացիա արեցին, մեքենաները, որ անցնում էին ձախ կողմով, այս անգամ մյուս կողմով անցան, այսինքն՝ հնարավորինս մեզնից հեռու: Կոմբինացիա արեցին նաև ոստիկանները: Նրանք թույլ չտվեցին, որ մենք անկյունում կանգնեք, որտեղից մեքենան դուրս է գալիս: Բացի դա, նրանք կանգնեցին մեր դեմ, որպեսզի նախագահը մեզ չտեսնի»,- Epress.am-ին ասել է Աշոտ Խուդոյանը:
Վերջինս պատմել է նաև, որ մանկահասակ երեխաների համար այս անգամ բավական բարդ է եղել դրսում գիշերելը: Հաշվի առնելով, որ օրերը գնալով ցրտելու են՝ Աշոտ Խուդոյանը որոշել է ավելի ծայրահեղ միջոցների դիմել: Եթե այսօր ևս նախագահական նստավայրի աշխատակիցներն իրենց անուշադրության մատնեն, Խուդոյանը խոստացել է վաղվանից անժամկետ հացադուլ սկսել: