Այսօր Անի Քոչարի «Ես եմ» ամսագիրի տարածումը կրպակներում արգելվել է այն պատճառով, որ Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել կալանք դնել «Անի Քոչար փրոդակշն»-ի վրա: Այս մասին նա ասել է Epress.am-ի հետ զրույցում:
Հարցին՝ ինչ քրեական գործի շրջանակներում է գույքի վրա կալանք դրվել, Անի Քոչարը պատասխանել է, որ որևէ ծանուցում չի ստացել և տեղեկություն չունի այն մասին, որ իր դեմ գործ կա հարուցված, հետևաբար չէր կարող իմանալ, որ նման որոշում կարող էր ընդունվել:
«Մեզ այսօր զանգահարեցին այն մարդիկ, ովքեր ամսագրի վաճառքով են զբաղվում, և ասացին, որ չեն կարող ամսագիրը տարածել, քանի որ ստացել են ծանուցում՝ դատարանի որոշմամբ»,- ասել է Քոչարը:
Նա այս գաղտնի կատարված որոշումը մեկնաբանում է որպես իր նկատմամբ հետապնդում, որը սկսվել է դեռ մեկ տարի առաջ, երբ իրենից խլել են «Ես-yes» ամսագիրը:
Քոչարն ասել է, որ այդ հետապնդումից հետո ինքը չի վհատվել և ստեղծել է նոր «Ես եմ» ամսագիրը, թեև իր մտավոր սեփականության իրավունքի խախտման և իր տարիների աշխատանքի արդյունքում ստեղծված գործը խլելու փաստը չի մոռացել:
«Մի երկրում, որտեղ ԶԼՄ-ների 90 տոկոսը կենտրոնացած է մեկ մարդու ձեռքում, շատ հասկանալի է, որ այն մարդը, որ իշխանությունից դժգոհություն է արտահայտում, քաղաքացիական դիրքորոշում է արտահայտում, ակտիվ կեցվածք ունի, հետապնդումների է ենթարկվում: Քանի որ այս իշխանությունները այլակարծությանը դեմ են, չեն հանդուրժում, չեն թողնում՝ մարդ իր գործով զբաղվի, և դա անում են օրենքի ոտնահարման գնով, անօրեն դատական ակտ կազմելով՝ առանց կողմի ներկայության և մասնակցության դատական պրոցեսում,»- ասել է Անի Քոչարը:
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրություններում Անի Քոչարը ընդգրկված էր «Բարև Երևանի» ցուցակում: