ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանն առաջարկել է վիճակագրական ոլորտի ուսումնասիրությամբ զբաղզվող հանձնաժողով ստեղծել:
Այսօրվա ԱԺ նիստում Բագրատյանն իր առաջարկը հիմնավորել է՝ ասելով, որ «Ազգային վիճակագրական ծառայությունը (ԱՎԾ) իրականում դեզինֆորմացիայի ծառայություն է»: Ըստ պատգամավորի՝ ներկայիս կառավարության 6-ամյա գործունեության արդյունքում՝ ՀՆԱ-ն 11 միլիարդ 700 միլիոն դրամից իջել է 9 միլիարդ 910 միլիոն դրամի, սակայն պաշտոնական վիճագարությունն ասում է՝ թե աճ կա: Այս խաբկանքը, Բագրատյանի համաձայն, ստեղծվում է Ազգային վիճակագրության ծառայության պետ Ստեփան Մնացականյանի «տրյուկներով»:
«Զարգանալով ավելի արագ, քան Ռուսաստանը, մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ով Ռուսաստանին զիջում ենք 4 անգամ, երբ որ էն ժամանակ զիջում էինք 30 տոկոսով: Սա այս վիճակագրության արդյունքն է: Պարոն Մնակացանյանը վարպետ է: Որևէ վիճակագրական թիվ վստահելի չէ, վստահելի չէ արտահանման-ներմուծման թվերը, վստահելի չէ մի կողմից ցեմենտի արտադրությունը, մյուս կողմից՝ քառակուսի մետրով ինչքան տարածք է հանձնված: Առանց վիճակագրության հնարավոր չի ճիշտ օրենք ընդունել: Շեղումները 50 տոկոսից ավելի են: Մեզ պետք չի այսպիսի ծառայություն ֆինանսավորել»,- ասել է Բագրատյանը: