Human Rights Watch (HRW) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը նամակով դիմել է ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին և Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանին՝ խնդրելով ձեռնարկել բոլոր միջոցները խաղաղ ցուցարարների նկատմամբ հարձակումները բացահայտելու և հանցագործներին պատասխանատվության ենթարկելու համար:
Նամակում HRW-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար Հյու Ուիլիամսոնն իր խորին մտահոգությունն է հայտնում՝ կապված վերջին երեք շաբաթների ընթացքում Երևանի տարբեր հատվածներում խաղաղ ցույցերի տարբեր մասնակից քաղաքացիական ակտիվիստների և խաղաղ ցուցարարների նկատմամբ ֆիզիկական հարձակումների աճի վերաբերյալ:
«Ելնելով 5 տուժողների (Սուրեն Սաղաթելյան, Հայկակ Արշամյան, Արման Ալեքսանյան, Բաբկեն Դեր-Գրիգորյանի և Միհրան Մարգարյան) հետ Human Rights Watch-ի արած հարցարույցներից՝ մեզ մոտ տպավորություն է առաջանում, որ հարձակումները նպատակ ունեն համատեղ ջանքերով ահաբեկել ցուցարարներին, խոչընդոտել նրանց ազատ հավաքների և խոսքի ազատության իրավունքները, ինչպես նաև նախազգուշացնող հաղորդագրություն ուղարկել մյուս ակտիվիստներին:
Human Rights Watch-ը կոչ է անում ձեռնարկել համապատասխան բոլոր միջոցները հարձակումներն անհապաղ, մանրակրկիտ և արդյունավետ հետաքննելու, հանցագործներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու համար: Ինչպես նաև հստակեցնել, որ նման բռնությունը ցուցարարների նկատմամբ ո՛չ հանդուրժվելու է, ո՛չ էլ թույլատրվելու:
Նման հետաքննությունները պիտի լինեն համոզիչ, թափանցիկ, ներգրավեն տուժողներին և ունակ լինեն բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու մեղսագործներին: բացի այդ, էական է, որ իշխանությունները ցուցաբերեն իրենց կամքը արդարության նկատմամբ և կանխեն հավաքների ազատությանը խոչընդոտող որևէ փորձ», – նշված է Ուիլյամսոնի նամակում: