ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը որպես ՀՀ քաղաքացի քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի դեմ ոչինչ չունի և ցանկանում է, որպեսզի նա օր առաջ ազատվի: Այս մասին Սահակյանն ասել է այսօր լրագրողների հետ ճեպազրույցում: Տիգրան Առաքելյանի գործին լրագրողները խնդրել են անդրադառնալ Սուրիկ Խաչատրյանի որդու նկատմամբ հետապնդումը դադարեցնելու մասին որոշման ֆոնին:
«Նրանք, ովքեր բացասական են վերաբերվում Սուրիկ Խաչատրյանին, ասում են, թե նրա որդուն ազատ արձակելը սխալ որոշում էր, նրանք, ովքեր բարեկամական հարաբերություններ ունեն, ասում են՝ ճիշտ է: Ես իմ կարծիքը չեմ հայտնի, դա այլ մարմնի՝ դատարանի խնդիրն է»,- ասել է Սահակյանը:
Սուրիկ Խաչատրյանի որդուն ազատ արձակելու որոշմանն անդրադարձել են նաև ԱԺ այլ խմբակցությունների ներկայացուցիչներ՝ ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը, ԲՀԿ-ական Վահե Հովհաննիսյանը, ՀԱԿ-ից՝ Արամ Մանուկյանը, «Ժառանգությունից»՝ Թևան Պողոսյանը, ովքեր, ի տարբերություն Սահակյանի, դատապարտել են քննիչի կայացրած որոշումը: Պատգամավորները նշել են, որ կա առգրավված անօրինական զենք, տեսանյութեր, ապացույցներ գործի մասին, ուստի քննությունը այլ ընթացք պետք է ստանար:
Նրանք նաև հիշեցրել են, որ անցնող շաբաթվա ընթացքում Վերաքննիչ դատարանը երրորդ անգամ չի բավարարել Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելու մասին միջնորդությունը: Հիշեցնենք, որ ԱԺ 4 խմբակցություններ կոչ էին արել ազատ արձակել Տիգրան Առաքելյանին: