Ըստ ՀՀ Ֆինանսների նախարարության` 2014 թվականին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կկազմեն 1 տրլն 272 մլրդ դրամ, իսկ ծախսերը՝ 1 տրլն 145 մլրդ դրամ։ Երեկ ՀՀ կառավարությունն ի գիտություն է ընդունել այդ ցուցանիշները:
Մաքսային միության անդամ դառնալու պարագայում Հայաստանի բյուջեի եկամուտները կաճե՞ն, թե կնվազեն։ Երեկ «Հայկական ժամանակ» օրաթերթը այսպիսի հարց է ուղղել ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանին, որը նիստում ներկայացրել է վերը բերված ցուցանիշները։
«Բյուջեի այս նախագծում, որն այսօր ներկայացված է, այդ գործոնները դեռևս հաշվի չեն առնված», – ասել է փոխնախարարը։
Թերթը հիշեցնում է, որ նախատեսվում է հենց 2014 թվականի հունվարի 1-ից Հայաստանը մտցնել Մաքսային միություն:
«Այդ դեպքում պետբյուջեի եկամուտները մեղմ ասած էական փոփոխություններ են կրելու, քանի որ ՀՀ սահմանին գործելու է մաքսային նույն ռեժիմը, ինչ ՌԴ-ի սահմանին է։ Օրինակ, Հայաստանում ներկայումս հավաքագրվող ամբողջ ԱԱՀ-ի մոտ կեսը գանձվում է ներկրվող ապրանքներից հենց սահմանին։ Իսկ Մաքսային միության կանոններով՝ սահմանին ԱԱՀ-ն չի գանձվում։ Այլ կերպ ասած, երեկվա ներկայացված ցուցանիշները բոլորովին էլ վերջնական չեն», – նշում է «ՀԺ»-ն։