ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը երեկ բացառել է, որ իր թեկնածությունը կարող է առաջադրվել ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում։ «Հայկական ժամանակ» օրաերթի հետ զրույցում նա հայտարարել է, որ իր նշանակման մասին տեղեկություններն «անլուրջ խոսակցություններ են»:
Թերթը նշում է նաև, որ ՀՀ ապագա գլխավոր դատախազի անունը դեռևս անհայտ է։
«Հավանական թեկնածուներից մեկի՝ Երևանի դատախազ Հրաչյա Բադալյանի անունը ևս երեկ, ըստ որոշ լրատվական կայքերի, շրջանառությունից դուրս է եկել։ Նա, ինչպես տեղեկացրել էինք, առողջական խնդիրներ ունի։ Քաղաքական շրջանակներում արդեն կարծում են, որ Սերժ Սարգսյանը ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում ներկայացնելու է խիստ «էկզոտիկ» որևէ անձի և դա Է պատճառը, որ թեկնածուի անունը մինչև հիմա գաղտնի է պահվում», – նշում է թերթը:
Իր հերթին, «Հրապարակ» օրաթերթը, անդրադառնալով գլխավոր դատախազի հավանական թեկնածուի թեմային, նշում է, որ, իր աղբյուրների համաձայն, երեկ իր պաշտոնին հրաժեշտ տված Աղվան Հովսեփյանի վերանշանակման լոբինգը շարունակվում է:
«Ըստ լավատեղյակների՝ այդ գործին կարող են «խառնվել» նաև Վլադիմիր Պուտինի մտերիմ ընկեր, ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկան, ինչպես նար ՌԴ աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը», – գրում է թերթը:
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ ռուսաստանցի պաշտոնյաները Սերժ Սարգսյանի հետ այդ հարցի շուրջ զրուցելու են սեպտեմբերի 16-ին Մոսկվայում կայանալիք հայկական եկեղեցու հիմնարկեքի արարողությունից հետո: