«Նախախորհրդարան» շարժման անդամներ Կարո Եղնուկյանի և Գարեգին Չուգասզյանի պատկերով մեծադիր պաստառը երեկվանից փակցված է Փակ շուկայի պատին:
Պաստառի վերևի հատվածում՝ նկարների վրա, գրված է. «Ոչ օտարերկրյա լրտեսներին», լուսանկարների ներքևում՝ «Ո՛չ գրանտակերներին, ո՛չ վարձու ընդիմախոսներին, դուք դեմ եք 700 աշխատատեղի ստեղծմանը» (ուղղագրությունը պահպանված է – խմբ.):
Պաստառը Փակ շուկայի պատին հայտնվել է երեկ, երբ «Ազատագրենք հուշարձանը օլիգարխից» նախաձեռնությունը բողոքի ակցիա է անցկացրել Փակ շուկայի մոտ: Հիշեցնենք, որ դրանից մեկ օր առաջ Փակ շուկայի դիմապատից հանվել էր Կարո Եղնուկյանի նկարով խպաստառը, որի վրա գրված էր՝ «Մասոն»: Այս պաստառը 10 օրը կախված էր մնացել, իսկ Եղնուկյանը նամակ էր գրել ԱԺ պտագամավոր, օլիգարխ, Փակ շուկայի սեփականատեր Սամվել Ալեքսանյանին՝ պահանջելով հանել պաստառը շենքի վրայից: Ավելի վաղ «Նախախորհրդարան»-ի անդամը դիմել էր ՀՀ գլխավոր դատապազ Աղվան Հովսեփյանին՝ պահանջելով քրեական պատասախանատվության ենթարկել իր անձի նկատմամբ ատելություն սերմանողներին: Ալեքսանյանին ուղղված նամակում Եղնուկյանը նշել էր, որ «լրտեսը» ծանր մեղադրանք է, ու օլիգարխը կամ պետք է ապացուցի դրա ճշմարտացիությունը, կամ պատասխանատվության ենթարկվի զրպարտության համար: