Ասոցացման համաձայնագրից շահելու են թե՛ ԵՄ-ի գործընկերները, թե՛ նրանց հարևանները: Ասոցացման համաձայնագիրը Եվրոպական միության անդամ երկրների նշանակալից և հստակ ներդրումն է ապագայում Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ ազատ առևտրի գոտի ստեղծելու գործում: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանի հետ զրույցում հայտարարել է Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:
Զրույցի ընթացքում նա անդրադարձ է արել Մոլդովային խնդրին, որը հայտարարել է, որ ԵՄ-ի հետ ստորագրելու է Ասոցացման համաձայնագիրը, որից հետո Ռուսաստանն արգելել է մոլդովական գինիների ներմուծումը:
Ֆյուլեն այդ առնչությամբ նշել է, որ եթե ԵՄ-ի գործընկերներն իրենց ազատ ընտրությունը կատարելու ճանապարհին ճնշումների ենթարկվեն, նրանք կարող են հույս դնել Եվրամիության համերաշխության վրա:
«Ինչ վերաբերում է Մոլդովայի պարագային, ․․․ Ոչ միայն գինու, այլև մի շարք այլ գյուղատնտեսական ապրանքների ներմուծման արգելքի որոշումը Ռուսաստանի կողմից ընդունվել է մի քանի օր առաջ, և մենք արդեն քայլեր ենք ձեռնարկել որոշակի իրավական դաշտ ստեղծելու ուղղությամբ, որը թույլ կտա մեծացնել Եվրամիություն մոլդովական գինու ներմուծման քվոտաները:
«Մենք պատրաստ ենք այլ հարցերում նույնպես օգնել, օրինակ՝ Ուկրաինայի հետ ստորագրվելիք համաձայնագիրը մենք փորձելու ենք դարձնել հնարավորինս կիրառելի և առարկայական և այնպես ենք անելու, որ դրա դրույթները հնարավորինս շուտ ուժի մեջ մտնեն: Մեկ այլ օրինակ՝ եթե մենք կարողանանք Վիլնյուսի գագաթաժողովում նախաստորագրել Ասոցացման համաձայնագրերը Մոլդովայի և Վրաստանի հետ, Եվրահանձնաժողովը հստակորեն խոստացել է, որ ամեն ինչ կանի, որպեսզի այդ փաստաթղթերի ստորագրման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները ավարտին հասցվեն մինչև այս Եվրահանձնաժողովի պատասխանատվության ժամկետի ավարտը:
Եվ սա կարևոր է, որովհետև, անկախ այն բանից՝ դա ինձ դուր է գալիս թե ոչ, Եվրամիությունում նման փաստաթղթերը ստորագրման պատրաստելու համար անհրաժեշտ ժամանակը շատ ավելի երկար է տևում, քան ցանկալի է, սակայն այս երկու երկրների դեպքում մենք պատրաստ ենք անել ամեն ինչ, գրեթե անհնարինը, որպեսզի դրանք հնարավորինս արագ ստորագրվեն», – ասել է Ֆյուլեն: