Երևանի ավագանու «Ժառանգություն» խմբակցության անդամ, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի ծեծի ենթարկելու գործը կարճվել է, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը: Հիշեցնենք, որ Մարտիրոսյանի ծեծի ենթարկելու դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցվել 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնությամբ։
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Մարտիրոսյանն ասել է, որ օրերս ՀՔԾ-ից նամակ է ստացել հետևյալ բովանդակությամբ. «Գործը կարճվել է իրավիճակի փոփոխման հետևանքով»: Թե ինչ իրավիճակի փոփոխություն է տեղի ունեցել, պարզ չէ, նշում է թերթը։
«Մարտիրոսյանի համար ամեն ինչ պարզ է, քանի որ նրան տեղեկություններ են հասել, որ դեպքից հետո ոստիկանության համակարգից երկու աշխատակից հեռացվել են։ Իհարկե, աշխատանքից ազատելն էլ է պատիժ, բայց ոչ այնպիսին, ինչպիսին ակնկալվում էր ՀՔԾ-ից։ Հիմա մնում է պարզել՝ արդյոք համակարգից հեռացվել են հենց մեղավորները», – գրում է թերթը։
Հոդվածն ամբողջությամբ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում