ԲՀԿ նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը կրճատել է Երևան-Աբովյան, Երևան– Չարենցավան երթուղիներում բարեգործական ավտոբուսների թիվը, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Չարենցավանի բնակիչները թերթի հետ զրույցում նշել են, որ երթուղիներում ժամանակին մոտ 16 անվճար ավտոբուս էր աշխատում, իսկ այժմ դրանց թիվը նվազել է՝ հասնելով 6-7-ի։
Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը «Ժողովուրդ»-ի հարցին, թե ինչն է պատճառը, որ բարեգործական ավտոբուսների քանակը կրճատվել է, ասել է, թե այդ ավտոբուսները մշտապես էլ աշխատել են ըստ անհրաժեշտության։
«Երբեք դա ինքնանպատակ չի եղել, երթուղայինների թիվը եղել է այնքան, որքան եղել է դրա անհրաժեշտությունը», – նշել է մամուլի խոսնակը։
Հիշեցնենք, որ Աբովյանում երկու տարի առաջ խնդիրներ էին ծագել Գագիկ Ծառուկյանի և նրա սանիկի՝ «Քինգ դե Լյուքս» տրանսպորտային ընկերության սեփականատեր Արթուր Հարությունյանի միջև: Հարությունյանը դիմել էր ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով՝ հայտարարելով, որ Գագիկ Ծառուկյանի բարեգործական տրանսպորտային միջոցները խոչընդոտում են «Քինգ դե Լյուքսի» երթուղիներին: Հանձնաժողովը հայտարարել էր, որ խնդիրը ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարության դաշտում է, վերջինս էլ չէր արգելել Ծառուկյանի բարեգործական երթուղիները:
Նշենք նաև, որ այս տարի «Քինք դե լյուքսը» նոր ավտոբուսներ է ներմուծել, որոնք սպասարկում են Երևան-Աբովյան երթուղին:
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում