«Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կզարմանար, եթե Ռուսաստանը, գերտերություն լինելով, հրաժարվեն ճնշում բանեցնելուց: Այս մասին նա ասել է ilur.am կայքի միջոցով Մհեր Ղալեչյանից ստացած հարցին ի պատասխան: Ղալեչյանը հետաքրրքվել էր, թե ինչ կարծիք ունի Տեր-Պետրոսյանը համատարած այն պնդումների մասին, թե Սերժ Սարգսյանը Եվրոասոցացման պայմանագրից հրաժարվելու և Մաքսային միությանը միանալու որոշումը կայացրել է Ռուսաստանի ճնշման տակ:
«Չպետք է մոռանալ, որ Ռուսաստանը գերտերություն է, և ինքնըստինքյան հասկանալի է, որ նա առաջնորդվում է գերտերությունների խաղի կանոններով։ Ինձ ցույց տվեք որևէ գերտերություն, որը ճնշումներ չի բանեցրել և այժմ էլ չի բանեցնում։ Էլ ի՞նչ գերտերություն, որ ճնշում չբանեցնի։ Մանավանդ որ, այդպիսի իրավունքով գերտերություններն օժտված են անգամ Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ։ Ուստի ինչո՞ւ պիտի Ռուսաստանը բացառություն լիներ տվյալ հարցում։ Ի՞նչ է, նա պիտի երաշխավորեր Հայաստանի անվտանգությունը, վերահսկեր Ղարաբաղում պատերազմի վերսկսման վտանգը, տրանսֆերների միջոցով ապահովեր Հայաստանի համախառն ներքին արդյունքի մեկ երրորդը, ու դրա հետ մեկտեղ հանգիստ դիտեր, թե իր թիկունքում ինչպե՞ս է Սերժը Հայաստանը տանում դեպի Եվրոմիություն։ Այս ամենը նշելով հանդերձ՝ ես չեմ կարծում, որ նախագահ Պուտինն առանձնապես մեծ ճնշում է գործադրել Սերժի վրա։ Դրա կարիքը նա ամենևին չուներ։ Բավական է միայն, որ նա Սերժին բացատրեր ընդամենը մի քանի հասարակ բան՝ ասելով մոտավորապես հետևյալը. «Տղա ջան, ուզում ես գնալ դեպի Եվրոմիությո՞ւն։ Գնա՛։ Ձեռքիցդ բռնող չկա։ Միայն թե նկատի ունեցիր այս, այս, այս բաները»: Իսկ եթե հարցնելու լինեք, թե ինչու այս հասարակ բաները նա հարկ համարեց բացատրել հիմա, և ոչ թե Եվրոմիության հետ Հայաստանի սիրախաղի խորանալուց առաջ, ապա ենթադրում եմ, որ Պուտինը մեզնից ավելի լավ կարծիքի է եղել Սերժի մասին՝ մտածելով, որ վերջինս առանց իր բացատրելու էլ այդ ամենը կհասկանա», – ասել է Տեր-Պետրոսյանը։
Վերջինիս կարծիքով, երբ դա տեղի չի ունեցել, Պուտինը թույլ է տվել, որ Սերժ Սարգսյանը ոտքով-գլխով ընկղմվի իր արկածախնդրության մեջ և, չոքեչոք գալով Մոսկվա, առավել նվաստացած վիճակում միանա Մաքսային միությանը, որպեսզի հետագայում էլ որևէ պարտնյորական պարտավորություն չունենա նրա հանդեպ։
«Ինչպես 2008թ. վրաց-ռուսական պատերազմի պարագայում, այս անգամ էլ կարող են ասել, որ Ռուսաստանի հակազդեցությունը համարժեք կամ համաչափ չէր։ Գերտերությունների հակազդեցությունը փոքր պետությունների գործողություններին երբեք համարժեք կամ համաչափ չի լինում։ Ինչպե՞ս կարող են գերծանր ու թեթևագույն քաշի բռնցքամարտիկների հարվածները համարժեք կամ համաչափ լինել։ Եթե նրանք թեկուզ ընդամենը մեկական հարված փոխանակեն, գերծանրի հարվածը կարող է մահացու լինել։ Այստեղ գործում են ոչ թե մաթեմատիկայի, այլ ֆիզիկայի օրենքները», – ասել է Տեր-Պետրոսյանը։