Հայաստանյան 4 համալսարաններ անցյալ տարի հավաքագրած ուսման վարձերի 2%-ի չափով գումար են փոխանցել «Հայաստանի երիտասարդական հիմնադրամին»: Այս մասին մի քանի ԲՈՒՀ-երի ռեկտորներն ասել են ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանին ԱԺ-ի կրթության հանձնաժողովում ուսման վարձերի բարձրացման հետ կապված քննարկումների ժամանակ: Հիշեցնենք, որ այս տարի 5 բուհերի կողմից ուսման վարձերը բարձրացվել են, ինչը ռեկտորները բացատրում են ծախսերի մեծացման անհրաժեշտությամբ՝ դասախոսների աշխատավարձների բարձրացում, տեխնիկական վերազինում և այլն:
«Բնականաբար նման որոշում չկա, զանգում ասում են՝ պետք է փոխանցեք: Բայց ինչու պետք է բոլոր ուսանողների վարձը բարձրացնեն, որ ՀՀԿ-ականները «Բազե՞» կազմակերպեն»,- Epress.am-ի հետ զրույցում ասել է Մանուկյանը:
Նշենք, որ «Հայաստանի երիտասարդական հիմնադրամը» ստեղծվել է ՀՀ կառավարության 2001 թ. հունիսի 11-ի որոշմամբ: Այս պահին Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգողն է ՀՀ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանը: Համաձայն Հիմնադրամի կայքը, կազմակերպությունը ծրագրեր է իրականացնում սոցիալ-տնտեսական, կրթության և գիտության, հայրենասիրական և մշակութային դաստիարակության ոլորտում: Մասնավորապես, ՀԵՀ-ը կազմակերպում է ուսանողական հավաքներ, գիտաժողովներ, ինտելեկտուալ խաղեր:
Epress.am-ի հետ զրույցում Կրթության և գիտության նախարարությունը հերքել է, թե որևէ կոնկրետ գումարի պարտադրանք է դնում համալսարանների ռեկտորների վրա՝ պահանջելով հիմնադրամին փող փոխանցել:
«Դա համալսարանի և հիմնադրամի խնդիրն է: Մենք չենք միջամտում»,- Epress.am-ին ասել է նախարարության աշխատակից Էդգար Ալեքսանյանը:
Նա ասել է, որ բուհերը իրենց հայեցողությամբ փոխանցած գումարը նշում են տարեկան հաշվետվությունների մեջ՝ ի թիվս այլ ծախսերի: Սակայն երբ խնդրել ենք ներկայացնել, թե որքան գումար են բուհերը փոխանցել հիմնադրամին, օրինակ՝ 2012 թվականին, Ալեքսանյանը խոստացել է ասել՝ հաշվետվությունները վերանայելուց հետո: Մեր հաջորդ զրույցի ժամանակ, սակայն, նա հայտարարել է, որ նման տվյալ ֆինանսական հաշվետվություններում չի եղել:
Հիմնադրամից ևս հրաժարվել են կոնրետ տվյալներ տրամադրել:
«Մենք չունենք մի ծրագիր, որը հենց ուսանողությանը և երիտասարդությանն ուղված չլինի, մեր ողջ ֆոնդը վերադարձվում է ուսանողներին, ոչ միայն համալսարանի նվիրատվությունները»,- Epress.am-ի հետ զրույցում ասել է հիմնադրամի ծրագրերի ղեկավար Արուսյակ Պողոսյանը: Նա նշել է, որ իրենք կրթաթոշակներ են տրամադրում սոցիալական տարբեր խմբերը ներկայացնող ուսանողներին՝ ծնողազուրկ, բարձր առաջադիմություն ունեցող, հաշմանդամ:
Նա հավելել է, որ բուհերի նվիրատվություններից հավաքվող գումարը հիմնադրամի ֆինանսավորման երեք աղբյուրներից մեկն է միայն, հիմնադրամը նաև ֆինանսավորվում է պետբյուջեից ու անհատ բարերարներից:
Ըստ Պողոսյանի՝ գումարի օգտագործումը որոշվում է հենց համալսարանների հետ համատեղ. համալսարանները ներկայացնում են ծրագրերը, որոնք հիմանդրամը քննարկում և հավանություն է տալիս:
«Օրինակ, այս տարի մանկավարժական համալսարանը դիմել էր՝ առաջարկելով առաջին կուրսեցիների համար լողի դասեր ֆինանսավորել, ինչին մենք համաձայնել ենք ու տրամադրել գումարը: Մենք ծրագրեր ենք ֆինանսավորում նաև այն բուհերում, որոնք նվիրատվություն չեն անում հիմնադրամին, օրինակ՝ ծրագրեր ունենք Գեղարվեստի ակադեմիայի հետ»,- ասել է ՀԵՀ-ի ծրագրերի ղեկավարը:
Արդյոք կբարձրանա հիմնադրամին բուհերի կողմից տրվող գումարի չափը կախված վարձերի թանկացման հետ Պողոսյանը դժվարացել է ասել: Նա նշել է, որ հիմնադրամին տրվող նվիրատվությունը չի պարտադրվում, այլ որոշում է ամեն համալսարանի կողմից:
Ճարտարագիտական համալսարանից Epress.am-ի թղթակցին հայտնել են, որ անցյալ տարի ԲՈՒՀ-ը Հիմնադրամին տրամադրել է 40 միլիոն դրամ: Այդ գումարի չափը առաջարկվել է համալսարանի ուսխորհրդի կողմից, հաստատվել՝ գիտխորհրդի կողմից: Նշենք, որ հայաստանյան ԲՈՒՀ-երում ուսխորհրդները հիմնականում ՀՀԿ-ական երիտասարդներն են ղեկավարում:
Մանկավարժական համալսարանից մեզ փոխանցեցին, որ տեղեկատվությունը հնարավոր է ճշտել միայն ռեկտորից, ով այս պահին հանրապետությունում չէ: