ԱԺ պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի դեմ գրագողություն կատարելու մեղադրանքով հարուցված գործը քաղաքական պատվերով է նախաձեռնվել, և դրա հետևում կանգնած են վարչապետ Տիգրան Սարգսյանը և Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ինքը՝ Բագրատյանը:
Ըստ պատգամավորի՝ իրեն գրագողության մեջ մեղադրում են մի ծրագրի համար, որի մասին ինքը գրել է դեռևս 1990-ականներին. խոսքը գիտության թեմատիկ ֆինանսավորման անցնելու մասին է:
Նման ծրագիր է հեղինակել նաև ֆիզմատ գիտությունների թեկնածու Մանե Հակոբյանը, ով իր ծրագիրը գրանցել է որպես հեղինակային գործ՝ «ՀՀ Գիտության և կրթության ոլորտների համակարգային վերափոխման ու կայուն զարգացման առաջին քայլերը» վերնագրով: Այս գործում արված առաջարկը 50 տոկոսով նույնական է Բագրատյանի և Հարություն Կարապետյանի առաջարկին:
Ըստ Բագրատյանի, սակայն, ոչ թե ինքն է Հակոբյանից արտատպել, այլ հակառակը:
«Ես գիտության թեմատիկ ֆինանսավորումը առաջարկել եմ 1991 թվականին: Բոլորը ասում էին, որ Բագրատյանը գիտությունն է քանդում, սակայն հետո պարզվեց, որ գիտությունը քանդողը Գիտությունների ակադեմիան է, որովհետև գիտության պատվիրատուն պետությունն է, և պետք է գիտնականի հետ աշխատի: 1995 թվականին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հետ կանչեց ռեֆորմը, Քոչարյանը ընդհանրապես հանեց, ասեց՝ ակադեմիկոսների հավանությունը ավելի մեծ բան ա, քան Բագրատյանի ռեֆորմը: 13 հազար աշխատողից կմնար 3000 աշխատող, հիմա հազարն էլ չի մնացել: Գիտության մասին գրել եմ նաև ՀԱԿ-ի 100 քայլ ծրագրի 84-րդ կետում: Հետագայում՝ 2010 թվականի մայիսին, ստացել եմ առաջարկ գիտության առանձին ծրագիր գրել: Գնացի գիտության հանձնաժողով, որտեղ արդեն քննարկումներ էին գնում: Դրանց մասնակցել է մի կին՝ Մանե Հակոբյան անունով: Հետո պարզվեց, որ նա արդեն ապրիլին գրանցել էր երեք փաստաթուղթ իր հեղինակային իրավունքով: Հանձնաժողովում ասացի, որ ամբողջությամբ պետք է փոխենք: Զանգեցի Հարություն Կարապետյանին, ով գիտական ֆինանսավորման ֆոնդի տնօրենն է, ասացի՝ պետք է անենք էն, ինչ գրել ենք 1991 թվականին: Խոսքը այն մասին է, որ գիտությունը չի կարող բազային ֆինանսավորում ունենալ, ակադեմիա չի կարող լինել, միջնորդ օղակներ չեն կարող լինել, պետք է լինեն գիտական ՊՈԱԿ-ներ, անկախ փորձաքննություն և այլն: Էն, ինչ որ արված է 1991 և 1992 թվականի որոշումներում, ես եմ ստորագրել: Հեղինակային իրավունքի հարց չի կարող լինել»,- ասել է Բագրատյանը:
Ինչևէ, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանը՝ Սիմիրզար Հովսեփյանի նախագահությամբ, որոշել է բավարարել Բագրատյանի դեմ հայցը և Մանե Հակոբյանին 1 միլիոն վճարել: Բագրատյանը մտադիր է մինչև Եվրոպական դատարան դիմել՝ արդարացի վճռի հասնելու համար: Նրա խոսքով՝ դատարանի վրա ճնշում են գործադրել Վազգեն Մանուկյանը և Տիգրան Սարգսյանը: