Home / Հայաստան / Խոշոր հաշվով հաղթանակներ և անակնկալ. մեկնարկեց Չեմպիոնների Լիգան (ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ)

Խոշոր հաշվով հաղթանակներ և անակնկալ. մեկնարկեց Չեմպիոնների Լիգան (ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ)

Սեպտեմբերի 17-ին 2013/14թթ. Չեմպիոնների Լիգայի խմբային փուլն արդյունավետ մեկնարկ վերցրեց: Առաջին տուրի առաջին խաղային օրվա 8 հանդիպումներում 30 գոլ գրանցվեց, միջինը մեկ խաղում 3.75 գնդակ, ինչը բարձր ցուցանիշ է:

A խմբում ուրախ ֆուտբոլ խաղացին «Մանչեսթեր Յունայթեդը» և Լևերկուզենի «Բայերը»: Թիմերը ոչ միայն 6 գնդակ հեղինակեցին (4:2 օգուտ «Յունայթեդի»), այլ նաև բազմաթիվ գոլային պահեր չօգտագործեցին: Մասնավորապես, դաշտի տերերի առաջատարներ Ուեյն Ռունին և Ռոբին վան Պերսին անհասկանալի կերպով չկարողացավ մոտ տարածությունից գրավել մրցակցի դատարկ դարպասը: Այնուամենայնիվ, Ռունին կարողացավ իր հաշվին 2 գնդակ գրանցել, մեկական գոլի հեղինակ դարձան վան Պերսին և Անտոնիո Վալենսիան:

Նույն խմբում իսպանական «Ռեալ Սոսյեդադը» թեև առավելությամբ անցկացրեց Դոնեցկի «Շախտյորի» հետ հանդիպումը, սակայն չկարողացավ օգտագործել իր պահերը, իսկ ահա երկրորդ խաղակեսում հյուրերի կիսապաշտպան Ալեքս Տեյշեյրան 2 դիպուկ հարված կատարեց՝ հաղթանակ բերելով իր թիմին:

B խմբում անակնկալ գրանցվեց: Դանիական «Կոպենհագենը», որը չի փայլում անգամ ներքին առաջնությունում, սեփական հարկի տակ ոչ-ոքի` 1:1, խաղաց իտալական «Յուվենթուսի» հետ: Խմբի մյուս խաղում Մադրիդի «Ռեալը» Ստամբուլում ջախջախեց «Գալաթասարային» 6:1 հաշվով, իսկ Կրիշտիանու Ռոնալդուն հեթ-տրիկ ձևակերպեց: Թուրքական ակումբը առաջին խաղակեսում լավ տպավորություն թողեց, սակայն Դիդյե Դրոգբայի վնասվածքից հետո թիմը, կարծես, դադարեց խաղալ և երկրորդ խաղակեսում 5 գնդակ բաց թողեց: Նշենք, որ հատկապես գեղեցիկ ստացվեց Ռոնալդուի 3-րդ գնդակը:

C խմբում թիմերն առանց անակնալների խաղացին: Ֆրանսիական ՊՍԺ դարձյալ երկրորդ կեսում ցուցադրած հաջող խաղի շնորհիվ 4:1 հաշվով պարտության մատնեց հունական «Օլիմպիակոսին»: Բացի դա, ֆրանսիացիների առաջատարներից մեկը՝ Զլատան Իբրահիմովիչը 11-մետրանոց չիրացրեց: Պորտուգալական «Բենֆիկան» դեռևս առաջին խաղակեսում 2 գնդակ ուղարկեց բելգիական «Անդերլեխտի» դարպասը և բավարարվեց դրանով:

D խմբում «Մանչեսթեր Սիթին» մրցակցի հարկի տակ պարտության մատնեց չեխական «Վիկտորիային»: Այս խաղում գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Յայա Տուրեն՝ միջին տարածությունից՝ պտտեցրած հարվածով գրավելով չեխերի դարպասը:

Նույն 3:0 հաշվով «Բավարիան» պարտության մատնեց ռուսաստանյան ԲԿՄԱ-ին: Այդ խաղի հաշիվը կարող էր էլ ավելի խոշոր լինել, եթե գործող չեմպիոնը իրացներ իր պահերից ևս մեկ-երկուսը:   

Այսօր կկայանան երկրորդ խաղային օրվա հանդիպումները: F խմբում կմրցեն իտալական «Նապոլին» և Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանի «Բորուսիան»: Երկու թիմերն էլ հիանալի են մեկնարկել ներքին առաջնություններում՝ աչքի ընկնելով հարձակվողական խաղով, այնպես որ այդ հակամարտությունը գոլառատ ֆուտբոլ է խոստանում: