Home / Հայաստան / Հրանտ Դինքի սպանության գործում ներգրավել են նախկինում արդարացված ազգայնականի

Հրանտ Դինքի սպանության գործում ներգրավել են նախկինում արդարացված ազգայնականի

Սեպտեմբերի 17-ին թուրքահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության գործով նոր դատավարություն է մեկնարկել, որի արդյունքում Ստամբուլի վերաքննիչ դատարանը Էրհան Թունջելի ձերբակալման հրաման է արձակել, տեղեկացնում է Today’s Zaman: Թունջելը, ով աշխատում էր որպես Տրապիզոնի ոստիկանության իրազեկիչ, 10 տարվա ազատազրկման էր դատապարտվել 2004 թվականին Տրապիզոնում գտնվող McDonald's սրճարանի պայթեցման գործում մասնակցության համար, սակայն, արդարացվել էր Հրանտ Դինքի սպանության գործով, չնայած մեղադրող դատախազի պնդմանը, որ հենց ինքն էր Դինքի սպանության հրամանը տվել Յասին Հայալին, ով էլ սպանությունը պատվիրել էր անչափահաս Օգյուն Սամասթին:

Նշենք, որ Գերագույն Վերաքննիչ դատարանը բեկանել է առաջին ատյանի դատարանի վճիռը: Առաջին ատյանի դատարանի համաձայն, գործում կազմակերպված հանցավոր խմբակցություն չի եղել, մինչդեռ Դինքի ընտանիքի փաստաբանները հակառակն են պնդում:

«Սկզբնական շրջանում Գերագույն Վերաքննիչ դատարանի որոշումը լավ էր հնչում, քանի որ այն բեկանում էր առաջին ատյանի վճիռը, որը ոչ մի ապացույց չէր գտել, թե Հրանտ Դինքի սպանության մեջ ահաբեկչական կազմերպություն էր ներգրավված: Բայց, փաստորեն, չնայած նրան, որ, ըստ բարձր ատյանի որոշման, սպանությունն իրականացրել է զինված կազմակերպություն, բայց դատարանն այն չի դիտարկում որպես ահաբեկչական, ինչը մեզ ավելի վատ վիճակի մեջ է դնում»,- ուրբաթ օրը  մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Դինքի ընտանիքի փաստաբան Ֆեթհիյե Չեթինը:

Նա ներկայացրել է, որ, ըստ Գերագույն Վերաքննիչ դատարանի, Դինքի սպանությունն իրականացրած կազմակերպությունը հիմնվել էր 2004 թվականին Յասին Հայալի կողմից՝ քաղաքական դրդապատճառներով: Կազմակերպությունը մի քանի այլ անդամներ էլ ուներ, այդ թվում՝ ազգայնական Էրհան Թունջելը: Թուրքիայի դատարանները, սակայն, այժմ չեն դիրտարկում Հայալի կազմակերպությունը որպես ահաբեկչական: Այնուամենայնիվ, առաջընթաց է այն հանգամանքը, որ Թունջելին կրկին կներգրավվեն գործում:

Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը սպանվել է Ստամբուլում 2007 թվականի հունվարի 19-ին ազգայնական Օգյուն Սամասթի կողմից, ով դատապարտվել է 23 տարվա ազատազրկման: Սամասթին սպանությունը պատվիրած Յասին Հայալը ցմահ ազատազրկման է դատապարտվել, իսկ Էրհան Թունջելը արդարացվել էր: