Արևելյան Գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը իր անհամաձայնությունը և խորը վրդովմունքն է արտահայտել Սերժ Սարգսյանի` 2013թ. սեպտեմբերի 3-ի` Հայաստանի Հանրապետության` Մաքսային միությանն անդամակցելու և Եվրասիական միության ձևավորման գործընթացին մասնակցելու հայտարարության կապակցությամբ: Այս մասին ասված է Պլատֆորմի հայտարարության մեջ: Նշենք, որ Պլատֆորմի համակարգողն է «Երևանի մամուլի ակումբի» ղեկավար Բորիս Նավասարդյանը:
«Հայաստանի իշխանությունների մտադրությունը՝ միանալ Մաքսային միությանը` ի վնաս ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման, հակասում է իրենց իսկ կողմից եվրոպական ինտեգրումը որպես արտաքին քաղաքականության առաջնայնություն հռչակող բազմաթիվ հայտարարություններին: Այն անիմաստ է դարձնում հսկայական ջանքերն ու ծախսերը, որոնք վերջին տարիներին արվել էին ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ ԵՄ-ի կողմից՝ բանակցություններ վարելու և փաստաթղթեր մշակելու նպատակով:
Մի երկրի, որը գտնվում է քաղաքական և տնտեսական զարգացման անհամեմատ ավելի ցածր մակարդակի վրա, քան Եվրոպական միությունը, փաստացի հրաժարումը աշխարհի խոշորագույն տնտեսության հետ ինտեգրվելուց և մոլորակի առավել կայուն տարածաշրջանի հետ բազմակողմանի համագործակցությունը խորացնելուց՝ աննախադեպ երևույթ է: Հատկապես այն լույսի ներքո, որ հրաժարումը տեղի ունեցավ Մաքսային միությանն անդամակցելու համատեքստում, որն այս պահին, մեղմ ասած, իրեն ոչնչով չի արդարացրել նունիսկ նրան արդեն իսկ միացած երկրների համար, և որի հեռանկարները բավականին անորոշ են», – նշված է հայտարարության մեջ:
Հայտարարության հեղինակների կարծիքով՝ Սերժ Սարգսյանի անակնկալ հայտարարությունը, որն ունեցավ նման հետևանքներ, անվերականգնելի վնաս հասցրեց ՀՀ միջազգային վարկին և համբավին` որպես վստահության արժանի գործընկերոջ:
«Ոչ մի քննադատության չեն դիմանում մեր երկրի պաշտոնական ներկայացուցիչների, քաղաքական գործիչների և որոշ՝ չափից ավելի հավատարիմ փորձագետների պնդումները, ովքեր ջանում են Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման տապալման մեղքը բարդել Բրյուսելի ուսերին: Չափազանց անհամոզիչ են հնչում նաև տնտեսական հաշվարկների և անվտանգության հետ կապված ռիսկերի վերաբերյալ գնահատականները: Եթե նման մտայնությունները կարող էին արգելք հանդիսանալ Եվրամիության հետ ասոցացման ճանապարհին, ապա դրանք պետք է հայտնի դառնային և դիտարկվեին բանակցությունների ավարտից շատ ավելի վաղ: Այս դեպքում նախընտրությունը, որը Երևանի կողմից տրվեց Մաքսային միությանը, բոլոր միջազգային գործընկերների և Հայաստանի հասարակության կողմից կընկալվեր՝ որպես առավել արժանի և ընդունելի, այնինչ այսօր բոլոր հիմքերը կան՝ խոսելու ազգային նվաստացման մասին:
Եթե անգամ հաշվի առնենք, որ ՀՀ իշխանությունները, շրջվելով դեպի Մաքսային միություն, ստացել են որոշակի այսրոպեական օգուտներ անվտանգության և այլ ոլորտներում, այնուամենայնիվ, կան բազմաթիվ հիմքեր ենթադրելու, որ երկարաժամկետ կտրվածքով՝ արտաքին սպառնալիքների առումով երկիրը դառնում է ավելի խոցելի։ Այսօր, փաստորեն, ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակի հետ մեկտեղ առաջ են գալիս նոր գործոններ, որոնք խորացնում են Հայաստանի Հանրապետության համար այնպիսի ցավոտ խնդիրը, ինչպիսին արտագաղթն է», – ընդգծում է հայտարարությունը։
Համաձայն Արևելյան Գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի, ՄՄ-ի վերաբերյալ որոշումն ընդունվել է՝ ելնելով մարդկանց այն նեղ շրջանակի շահերից, որոնց ծրագրերի մեջ չի տեղավորվում Արևելյան գործընկերությամբ, մասնանավորապես, Ասոցացման համաձայնագրով նախատեսված բարեփոխումների ընդլայնված փաթեթի իրականացումը:
«Մաքսային միությանն անդամակցելու մտադրությունը և Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման խափանումը միանշանակորեն ենթադրում են լուրջ շրջադարձ երկրի արտաքին և ներքին քաղաքականության, սոցիալ-տնտեսական զարգացման ու բազմաթիվ այլ ոլորտներում: Նման կարևորության որոշումները չպետք է ընդունվեն առանց Ազգային ժողովի, կառավարության, անվտագության խորհրդի օրակարգային, ինչպես նաև հանրային քննարկումների: Համապատասխան պաշտոնական խորհրդատվությունների բացակայությունը թույլ է տալիս ՀՀ նախագահի սեպտեմբերի 3-ի հայտարարությունն ընկալել ոչ այլ կերպ, քան իր միանձնյա կողմնորոշումը, որը մեր կողմից չի կարող անփոփոխելի համարվել: Ելնելով վերը նշվածից՝ ՀՀ Ազգային ժողովից պահանջում ենք սեղմ ժամկետներում տվյալ հարցի շուրջ խորհրդարանական լսումներ կազմակերպել և հրավիրել արտահերթ նիստ, որը գնահատական կտա ՀՀ նախագահի հայտարարությանը: Կոչ ենք անում ՀՀ ԱԺ պատգամավորներին, անկախ խմբակցական պատկանելությունից, վերկուսակցական դիրքորոշում ցուցաբերել Մաքսային միությանը միանալու և ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրից հրաժարվելու վերաբերյալ, քանի որ այս ընտրությունը դուրս է առանձին քաղաքական ուժերի շահերի շրջանակներից և կանխորոշում է ազգի ճակատագիրը երկարաժամկետ հեռանկարում:
ՀՀ իշխանությունների ներկայացուցիչներին հրավիրում ենք սեպտեմբերի 19-ին մասնակցելու «Հրազդան» հյուրանոցում, ժամը 14:00-17:00 կայանալիք ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի համաժողովին և ներկայացնելու նախագահ Սերժ Սարգսյանի մոսկովյան հայտարարության հիմնավորումները՝ Մաքսային միությանը միանալու և Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը խափանելու վերաբերյալ», – եզրափակում են հայտարարության հեղինակները: