Սեպտեմբերի 18-ին ժամը 13:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 24-ամյա Արթուր Դադամյանն ահազանգել է ոստիկանության Սևանի բաժին և հայտնել, որ իր մեքենայի վրա կրակել են:
Ինչպես հայտնում է shamshyan.com կայքը, Դադամյանի խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել Երևան-Իջևան ավտոճանապարհին՝ Սևանի հիվանդանոցի խաչմերուկում:
Դադամյանը կայանել է Chevrolet մակնիշի ավտոմեքենան և նստատեղը պառկացրած հանգստանալիս է եղել մեքենայի մեջ, երբ «գմփոց» է լսել: Դեպքի վայր ժամանած քննիչները ավտոմեքենան տեսել են կայանված վիճակում, իսկ վարորդի դռան ապակին՝ ամբողջովին փշրված:
Դադամյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքը Երևանի Ավետարանական եկեղեցու ծառայող է:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը նշում է, որ քննիչները հնարավոր է հերքեն կրակոցի վարկածը: Մեկ այլ վարկածի համաձայն, ավտոմեքենայի կողքով մեկ այլ ավտոմեքենա է ընթացել, որի անվադողի տակից քար է շպրտվել ու դիպել նրա ավտոմեքենային:
Փաստի առթիվ Սևանի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի