Մեղադրող դատախազը հաստատել է 13-ամյա անչափահասի հետ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու փաստի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազության կայքը:
Կայքի փոխանցմամբ՝ քննության ընթացքում փաստական տվյալներ են հավաքվել, որոնց համաձայն Ճանապարհային ոստիկանության (ՃՈ) տեսուչ Վահագն Համբարձումյանը և Սասուն Աբրահամյանը օգոստոսի 4-ին Կոտայքի մարզի Հանքավան գյուղում տեղակայված «Տաք ջուր» հանգստյան գոտում սեռական հարաբերություն են ունեցել ակնհայտ 16 տարին չլրացած` 13-ամյա դեռահասի հետ:
Երկու ոստիկաններին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք էր առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի հատկանիշներով (ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերությունը կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելը):
Ավելի վաղ քրեական գործը հարուցվել էր բռնաբարության հոդվածով (138), սակայն մեղադրանք առաջադրելիս հատուկ քննչական ծառայությունը մեղմել է դիրքորոշումը, և բռնաբարության փոխարեն մեղադրանք առաջադրել սեռական հարաբերություն ունենալու համար: 138 հոդվածով նախատեսվում է մինչև 10 տարվա ազատարզկում, մինչդեռ 141-րդ հոդվածը նախատեսում է տուգանք կամ առավելագույնը ազատազրկում՝ 2 տարի ժամանակով:
Դատախազության կայքը նաև տեղեկացնում է, որ նախաքննության ընթացքում պարզվել է, որ հուլիսի 26-ին Աբրահամյանը դեռահասի հետ սեռական հարաբերություն է ունեցել նաև Սևանի քաղաքային հին այգու տարածքում գտնվող կիսակառույց շինությունում:
Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: