Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելուց հետո բնական գազի գինը մեր երկրի համար կիջնի: Այս մասին այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տարածաշրջանային տնօրեն Բրունո Բալվաներան:
«Ի՞նչ ազդեցություն կունենա տնտեսության վրա, այսօր փոքր-ինչ վաղ է խոսել այդ մասին: Շատ բան դեռ պարզ չէ, երբ Հայաստանը կդառնա Մաքսային միության անդամ, ինչպիսի՞ն կլինեն ներմուծման և արտահանման մաքսային սակագները, ի՞նչ ազդեցություն այն կթողնի առևտրի վրա: Այն, ինչ մենք այսօր գիտենք՝ Հայաստանը կօգտվի գազի սակագներից, այսինքն գազի գինը ավելի ցածր է Մաքսային միության անդամ երկրների համար, քան ոչ անդամների: Սա իր դրական ազդեցությունը կունենա տնտեսության և սղաճի վրա», – հայտարարել է Բալվաներան՝ պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ի՞նչ ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա Մաքսային միությանը անդամակցելը:
Ճշգրտող այն հարցին, թե արդյոք Բրունո Բալվաներան որևէ տեղեկություն ունի՞, թե Հայաստանի համար սպասվում է գազի գնի իջեցում՝ Մաքսային միությանը անդամակցելուց հետո, ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը արձագանքել է․ «Միակ բանը, որը մենք այսօր հասկացել ենք, այն պահից սկսած, երբ Հայաստանը անդամակցի Մաքսային միությանը, այն կօգտվի գազի նույն սակագնից, ինչ միության անդամ մյուս պետությունները»: