2011 թվականին ոստիկանության կողմից մեծ աղմուկով վնասազերծված «բանդայի գործով» հայտնաբերված գործին կցված միակ «իրեղեն» ապացույցը՝ տուժածներից մեկի տանից գողացված օծանելիքն է, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ նշելով, որ այդ մասին հայտնի է դարձել թերթի թղթակցին:
Տուժածը «Լինսի» հիմնադրամի ճանապարհաշինական ծրագրերի նախկին տնօրեն Էդվարդ Բեզոյանն է։ Երկու տարի առաջ դիմակավորված անձինք առանձնատան պարսպի վրայով մտել էին նրա տուն, կապել տան անդամներին, ծեծի ենթարկել նրանց, ապա վերցրել թանկարժեք իրերը, փողը, սեյֆը և հենց Բեզոյանի մեքենայով հեռացել։ Ընդհանուր առմամբ, նախկին պաշտոնյայի տանից գողացել էին 300 հազար դոլարին համարժեք գումար։
«Փաստորեն, մեծ հնչեղություն ստացած «բանդայի գործը», որով ոստիկանությունը շղարշ գցեց հասարակության աչքերին, բավականին թույլ հիմքերի վրա է, իսկ հայտնաբերված օծանելիքն էլ հումորի ժանրից», – նշում է թերթը։
Հիշեցնենք, որ «բանդայի գործով» անցնող մեղադրյալներից մեկը՝ Արման Դալլաքյանը, սեպտեմբերի 7-ին մահացել է Դատապարտյալների հիվանդանոցում: