Home / Հայաստան / Ազատամարտիկների ղեկավարներից մեկին ձերբակալել են, մեղադրում են խարդախության մեջ

Ազատամարտիկների ղեկավարներից մեկին ձերբակալել են, մեղադրում են խարդախության մեջ

Երեկ երեկոյան ժամը 22:00-ի սահմաններում քաղաքացիական հագուստով 4 անձինք ներկայացել են ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տուն և առանց ծանուցում տրամադրելու ձերբակալել են նրան:

Մինչ վաղ առավոտ Ավետիսյանին պահել են ՊՆ քննչական ծառայությունում, ապա տեղափոխել «Էրեբունի» ԺՊՎ: Այս մասին Epress.am-ին հայտնել են Ավետիսյանի ընկերները: Նրանք, ինչպես նաև ընտանիքի անդամները, այլ տեղեկություններ չունեն Ավետիսյանի ձերբակալման մասին:

Արդեն այսօր ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Ավետիսյանը ձերբակալվել է Քրօր-ի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ խոշոր չափերի խարդախություն իրականացնելու կասկածանքով:

«Ավետիսյանը, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով, քաղաքացի Հ.Զաքարյանի թոռանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում աջակցություն ցույց տալու պատրվակով, Հ.Զաքարյանից հափշտակել է 2000 ԱՄՆ դոլար գումար: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»,- ասված է ՊՆ-ի հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը մայիսին մեկնարկած ազատամարտիկների սոցիալական իրավիճակի բարելավման համար սկսված հանրային պայքարի ղեկավարներից է: Նա նստացույցներ էր կազմակերպել Ազատության հրապարակում, նախաձեռնել ազատամարտիկների այցերը մարզեր: