ՌԴ Պետդումայի՝ միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Պուշկովի (լուսանկարում) կարծիքով` Մաքսային միությանը անդամագրվելու մասին Հայաստանի իշխանությունների որոշումը Բրյուսելում չափազանց ցավագին են ընդունել: Դա նրանց համար ցնցող էր, հակահարված հասցնելու ազդանշան, գրում է «ՌԻԱ նովոստին»:
Պետդուման ուրբաթ օրվա նիստին քննարկում էր Եվրախորհրդարանի հայտարարությունն այն մասին, թե Ռուսաստանը ճնշում է գործադրում այսպես կոչված «Արևելյան գործընկերության» երկրների վրա:
«Մաքսային միությանը հնարավոր անդամագրվելու մասին Հայաստանի իշխանությունների որոշումը Բրյուսելում չափազանց ցավագին են ընդունել: Դա նրանց համար ցնցող էր, հակահարված հասցնելու ազդանշան, քանի որ «Արևելյան գործընկերության» նախագիծը, որը նպատակ ունի ԱՊՀ մի շարք երկրներ ենթարկել Եվրամիության քաղաքականությանը, կարող է վտանգի տակ հայտնվել»,- ասել է Պուշկովը:
Նա նշել է, որ այստեղից էլ եկել է Եվրախորհրդարանի հայտարարությունը, ըստ որի Ռուսաստանը ճնշում է գործադրում հետխորհրդային երկրների վրա, ինչպես նաև Եվրամիության ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հայտարությունն այն մասին, որ ԵՄ-ն ուզում է աջակցել Ուկրաինայի ինքնիշխանությանը, որպեսզի Ուկրաինան ունենա ինքնիշխան որոշումներ ընդունելու բոլոր իրավունքները:
«Ինքնիշխան որոշումները, Եվրախորհրդարանի ու պարոն Ֆյուլեի կարծիքով, այն որոշումներն են, որոնք Ուկրաինան հեռացնում են Ռուսաստանից ու այն տեղափոխում Եվրամիության ազդեցության ոլորտ: Այս առումով ԵՄ-ի կողմից Ուկրաինայի վրա գործադրվող ճնշումը գերազանցում է, թերևս, այն, ինչ մենք տեսել ենք վերջին տարիների ընթացքում»,- ասել է Պուշկովը:
Նա նշել է, որ պատմությունը, Հարավսլավիայի օրինակով, ցույց է տվել, թե ԵՄ երկրները ինչպիսի ճնշում կարող են գարծադրել: Պուշկովի խոսքով՝ ԵՄ երկրները ոչնչացրել են Հարավսլավիայի ինքնիշխանությունը՝ հարկադրանքի ռազմական, քաղաքական ու տնտեսական միջոցներ կիրառելով: