Հայաստանի անկախությունը թեև աղճատված, ցեց ընկած է, բայց անշրջելի է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք է հայտնել «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը:
Ըստ նրա՝ երկրի անկախությանը մեծ հարվածներ են հասցվել իշխանությունների կողմից: Որպես օրինակ Մանուկյանը նշել է, որ այսօր որևէ էներգակիր Հայաստանով չի անցնում, այդ թվում նաև Բաքու-Թբիլիսի-Ջեյհան գազաատարը: Մանուկյանի խոսքով՝ խնդիր է նաև այն, որ մեր պետության ռազմական անվտանգությունը վստահվել է մի երկրի [Ռուսաստանին], իսկ վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից երկրի ողջ ոսկու պաշարը վաճառվել է:
Այնուամենայնիվ, պատգամավորը նշել է, որ լավատեսորեն է տրամադրված. նա վստահություն է հայտնել, որ Հայաստանն անկախ է և դրան ոչինչ սպառնալ չի կարող: Այս լավատեսությունը պայմանավորված է լավ երիտասարդություն, սեր առ անկախություն ունենալով և հաղորդակցության միջոցների զարգացվածությամբ, ինչը, ըստ Մանուկյանի, թույլ է տալիս, որ Հայաստանի քաղաքացիների ողջ ներուժը անհրաժեշտության դեպքում արագ կենտրոնանա, և լուծում տա առկա խնդիրներին:
«Մեր ժողովուրդը երբեք ավելի միասնական չի եղել ու չի լինի, ինչքան այն ժամանակ, երբ մենք անկախության հանրաքվե էինք անցկացնում: Ընդամենը 10.000 մարդ է դեմ քվեարկել՝ երկու միլիոն «այո»-ի դեմ: Հանրաքվեին մասնակցեց բնակչության 95%-ը, իսկ քվեարկողների 99 %-ը կողմ քվեարկեց: Յուրաքանչյուր քաղաքացի զգում էր, որ ինքն է որոշողը: Արդյունքում մենք անկախություն հռչակեցինք իրավաբանորեն ամենաանխոցելի կերպով ողջ խորհրդային տարածքում», – հայտարարել է Արամ Մանուկյանը: