Այսօր Սոչիում տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների նեղ ձևաչափով հանդիպում, որի ժամանակ Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով:
«Ելույթս կսկսեմ Վլադիմիր Պուտինն ուղղված երախտագիտության խոսքով՝ հյուրընկալության և մեր աշխատանքների համար հիանալի պայմաններ ստեղծելու համար:
Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հետագա զարգացման հարցին՝ որպես նրա անդամների անվտանգության երաշխիքի, մոտենում է մեր երկրների ինքնիշխանության և անկախության ապահովման, պաշտպանունակության բարձրացման և արդի մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդեցության համապատասխան մեխանիզմների ստեղծման դիրքերից:
Մենք մեկ անգամ չէ, որ նշել ենք, որ մեր աշխատանքի արդյունավետության և մեր կազմակերպության հեղինակության հետագա բարձրացումն ուղղակիորեն կախված է մեր արտաքին քաղաքականության գործունեության կոորդինացիայի մակարդակից:
Հայաստանը մշտապես և ամբողջ ծավալով իրականացնում է այդ համատեքստում իր վրա վերցրած պարտականությունները, քանի որ մենք ելնում ենք մեր դաշնակցային հարաբերությունների առաջնահերթությունից և հավաքական անվտանգության համակարգին չվնասելու սկզբունքից: Ընդհանուր առմամբ, այդ ուղղությամբ մեզ հաջողվել է դրական արդյունքների հասնել: Նախօրոք համաձայնեցված համատեղ ելույթներն ու հայտարարությունները բազմակողմ հարթակներում, միջազգային կազմակերպություններին կից ՀԱՊԿ անդամ պետությունների մշտական ներկայացուցիչներին հավաքական ցուցումները դարձել են պարբերական պրակտիկա», – Սերժ Սարգսյանի խոսքերը փոխանցում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:
Նա, այդուհանդերձ, կարծիք է հայտնել, որ պահանջվում են մի ամբողջ շարք համաձայնեցված ջանքեր ինչպես փոխգործակցության արդյունավետության բարձրացման մասով, այնպես էլ եղած թերությունների բացառման մասով: Կբերեմ
«Ընդամենը մեկ օրինակ. մեր փաստաթղթերում, այդ թվում՝ անցյալ տարի դեկտեմբերին ընդունված մոսկովյան հայտարարության մեջ, ընդգծվել էր ղարաբաղյան հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու կարևորությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա, որոնք, մասնավորապես վերաբերում են ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառմանը, ժողովուրդների իրավահավասարությանը և ինքնորոշմանը, և տարածքային ամբողջականությանը: Համանման դրույթ է ամրագրված նաև համատեղ հրամաններում: Սակայն, ի հակադրություն մեր իսկ կողմից ընդունված որոշումների, որոշ անդամ պետություններ այլ հարթակներում և ուրիշ կազմակերպություններում նույն հարցի կապակցությամբ ընդունում են հայտարարություններ, որոնք աններդաշնակ են ՀԱՊԿ շրջանակներում ընդունված որոշումներին: Վերջին տարիներին փաստաթղթեր են ընդունվել, այդ թվում՝ նախագահական մակարդակով, որոնցում ադրբեջանական կողմի մատուցմամբ ընտրողաբար, ի վնաս մյուս սկզբունքների, առանձնանում է տարածքային ամբողջականության սկզբունքը:
Բնականաբար, շատ երկրներ Ադրբեջանի հետ կապված իրենց շահերն ունեն: Բայց, մենք ոչ մի կերպ չենք կարող համաձայնել, երբ այդ հարաբերությունները բերում են այնպիսի փաստաթղթերի ընդունմանը, որոնք ուղղված են ՀԱՊԿ անդամ պետությունների շահերի և, ընդհանուր առմամբ, Կազմակերպության հեղինակության դեմ:
Այս թեման հատկապես արդիական է Ադրբեջանի նախագահի հայատյաց հռետորաբանության, Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ ուժի կիրառման մշտապես հնչեցվող սպառնալիքների ֆոնին», – հայտարարել է Սերժ Սարգսյանը:
Վերջում Սարգսյանը շնորհակալություն հայտնել Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևին՝ Ղրղզստանի նախագահության շրջանում անձամբ իր և բոլոր ղրղզ գործընկերների կողմից իրականացված մեծ աշխատանքի համար:
«Էստաֆետն ընդունում է ռուսական կողմը: Վլադիմիր Վլադիմիրի, մաղթում եմ Ձեզ և մեր ռուսաստանցի բարեկամներին հաջողություններ և պատրաստ ենք սերտ համագործակցության», – ասել է Սերժ Սարգսյանը: