Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր տեղի է ունեցել քաղաքական գործիչ Արկադի Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործով առաջին դատական նիստը: Համաձայն ԱԱԾ-ի՝ Վարդանյանը ձերբակալվել է Արսեն Ավետյանի հոր՝ Ռոբերտ Ավետյանի սպանությունը նախապատրաստելու մեղադրանքով:
Ինչպես փոխանցում է «Փաստինֆո» գործակալությունը, ըստ դատարանում մեղադրող Արամ Ամիրզադյանի կողմից հրապարակված մեղադրական եզրակացության, Արսեն Ավետյանը՝ իմանալով, որ հայրը՝ Ռոբերտ Ավետյանը իր առանձնատան հաշվառումից հանել է իրեն ու որդուն, առանձնատանն ու մյուս գույքին տիրանալու շահադիտական դրդումներով ծրագրել է իր հոր սպանությունը՝ «հանցավոր համաձայնության» գալով Արկադի Վարդանյանի հետ: Նրանք կանգ են առել հոգեմետ նյութերի մեծ չափաբաժնով ծնողին թունավորելու Արսեն Ավետյանի առաջարկի վրա՝ մշտապես հոր կողմից օգտագործվող հանքային ջրում այն լուծելու եղանակով: Հոգեմետ դեղամիջոց ազալեպտինի 3 հաբ Արսեն Ավետյանը ձեռք է բերել իր ծանոթ, ամբաստանյալ Վարուժան Սաֆտալյանի միջոցով: Վերջինս այն ձեռք էր բերել հոգեբուժական դիսպանսերում հաշվառված հիվանդ Էդուարդ Ասատրյանի օգնությամբ, ով պատահաբար նստել էր իր տաքսի ավտոմեքենան: Ավելի ուշ Ավետյանը խնդրել է կրկնապատկել հաբերի թիվը, սակայն հանցագործությունը ավարտին չի հասցվել ամբաստանյալներից անկախ պատճառներով՝ Ազգային անվտանգության մարմինները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպքը:
Aravot.am-ի փոխանմամբ, Ավետյանի և Սաֆտալյանի պաշտպան Գևորգ Մելքոնյանը հայտնել է, որ «ազալեպտին» հոգեմետը թվարկված չէ ո՛չ ՀՀ հսկվող դեղերի ցանկում, որը հաստատվել է 2003 թ. կառավարության որոշմամբ, և ո՛չ էլ առողջապահության նախարարության 2007 թ. հրամանով։ Ամբաստանյալները հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում, իսկ Արկադի Վարդանյանն էլ հայտարարել է, որ քննարկման առարկա պետք է դառնան քրեական գործին չկցված գաղտնալսումների արձանագրությունները։
Դատարանը մերժել է միջնորդությունը՝ հայտնելով, որ դատաքննությունը դեռ նոր է սկսվում և չեն հետազոտվել ապացույցները, ուստի հետաձգել է միջնորդության քննարկումը։ Տուժող Ռոբերտ Ավետյանը, երբ հարց է հնչել, թե բացարկ ունե՞ն դատավարության կողմերին, դիմել է դատավորին՝ հարցնելով, թե ո՞ր դատավորն է սանկցիա տվել, որ այս գործը հարուցվի, նաև հայտնել է, որ բողոքում է քրեական գործի նախաքննության դեմ։
Պաշտպան Գևորգ Մելքոնյանը հարցով դիմել է ամբաստանյալ Արկադի Վարդանյանին՝ ասելով, թե նա հարցաքննության ժամանակ իրեն մասնակի մեղավոր է ճանաչել հանցագործության նախապատրաստման մասին իմանալու դրվագով։ Սակայն այն ընդհատվել է, քանի որ դատախազը հանդես է եկել հայտարարությամբ՝ հարցնելով. «Ի՞նչ դիմումի մասին է խոսքը, որը դատարան չի ներկայացվել, չի հետազոտվել, և պաշտպանը իրավունք չունի հարց տալու չհետազոտված ապացույցի կապակցությամբ»:
Հաջորդ դատական նիստը կայանալու է հոկտեմբերի 8-ին:
Հիշեցնենք, որ փետրվար-մարտին Վարդանյանը մասնակցում էր Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքներին, սատարում վերջինիս շարժմանը: 13 տարի առաջ նա շարժում էր սկսել Ռոբերտ Քոչարյանի իշխանության դեմ: Վարդանյանին ձերբակալել էին և բաց թողել երկիրը լքելու պարտավորության դիմաց: Նա Հայաստան է վերադարձել անցյալ տարի:
Լուսանկարը՝ aravot.am