Մոսկվան Ղարաբաղյան հակամարտությունն օգտագործում է որպես ճնշման գործիք Հայաստանի ու Ադրբեջանի դեմ ու շահագրգռված չէ դրա կարգավորմամբ: «Արևելյան գործընկերության» երկրներից (Բելառուս, Հայաստան, Ադրբեջան, Ուկրաինա, Վրաստան, Մոլդովա) մի խումբ լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էլմար Բրոքը:
«Մոսկվան սառեցված հակամարտություններն օգտագործում է այս կամ այն տարածաշրջանում իր շահերի իրականացման համար: Ռուսաստանի համար առաջնային են սեփական շահերը, այլ ոչ թե հակամարտությունների կարգավորումը, ինչպես տեղի է ունենում Մերձդնեստրում ու Լեռնային Ղարաբաղում»,- Բրոքի խոսքերն է փոխանցում ադրբեջանական Turan գործակալությունը:
Դիվանագետի կարծիքով՝ դրա ամենաթարմ օրինակը Հայաստանի հետ տեղի ունեցածն է, երբ Երևանին, ըստ էության, ստիպեցին միանալ Մաքսային միությանը:
«Մենք հարգում ենք երկրի որոշումը, բայց միայն այն դեպքում, եթե խոսքն ազատ ընտրության մասին է: Հայաստանի որոշումը, սակայն, թելադրված էր Երևանի առջև դրված պայմաններով, այն է՝ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելու դեպքում դուք կկորցնեք Ղարաբաղը»,- ասել է Բրոքը:
Դիվանագետը Կրեմլի նման քաղաքականությունն իր հարևանների ու գործընկերների նկատմամբ ցավալի է համարում: «Ռուսաստանը Անգելա Մերկելին խոստացել էր կարգավորել Մերձդնեստրյան հակամարտությունը, որպեսզի թուլացներ լարվածությունը Եվրոպայի կենտրոնում, բայց այդպես էլ ոչինչ չարեց»,- ասել է Բրոքը՝ ընդգծելով, որ Մոսկվան նման կերպ է վերաբերվում նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:
Turan-ի հարցին, թե ինչպես է նա գնահատում Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը նման իրավիճակում, Բրոքը ասել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց ընդառաջ գնալուց բացի, այլ ելք չունեն:
«Ադրբեջանը ավելի լավ վիճակում է, այն լուրջ ռեսուրսներ ունի: Հակամարտության վերսկսման դեպքում, սակայն, երկու կողմերն էլ պարտվողի դիրքում կհայտնվեն: Հետևաբար, կողմերը պետք է մտերմացման ու հաշտեցման ուղիներ փնտրեն»,- ասել է Էլմար Բրոքը: