ԱԻՄ առաջնորդ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանը հիասթափված է իր դեմ կատարված մահափորձի գործի ընթացքից: Ըստ նրա՝ դատարանը որևէ քայլ չի ձեռնարկել՝ պարզելու համար, թե ով է Ռուսաստանից 100 հազար դոլար ուղարկել դատարանի կողմից պատվիրատու ճանաչված ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանին: Քննելով այդ հարցը՝ հնարավոր կլիներ մոտենալ գլխավոր պատվիրատուին, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ վստահություն է հայտնել Հայրիկյանը:
Դատավարության ընթացքում՝ դեռևս հունիս ամսին, 100 հազար դոլարի մասին հայտնել էին Հայրիկյանը և նրա պաշտպան Լևոն Բաղդասարյանը, իսկ Սեդրակյանի պաշտպանը հերքել էր, թե գործում նման փաստ կա:
«3 միլիոն դոլար խաղալու և դրանից 250 հազարը պարտվելու մասին նախաքննական ու դատական մարմինները ամենևին չհետաքրքրվեցին: Թե որտեղից են այդ գումարները գոյացել մի մարդու մոտ, ով հպարտությամբ ասում է, որ ինքը չի աշխատել ու չի աշխատելու, բայց իր ավտոմեքենան Հայրիկյանից թանկ արժե», – ասել է Հայրիկյանը:
Իր դեմ իրականացված մահափորձի քաղաքական ենթատեքստի մասին խոսելով՝ Հայրիկյանը հայտարարել է, որ «հունվարի 31-ի կրակոցով սկսվել է Հայաստանի ներգրավումը Մաքսային Միությանը»: Անդրադառնալով ՄՄ-ին անդամակցելու մասին Սերժ Սարգսյանի հայտարարությանը՝ Հայրիկյանը նշել է, որ ԵՄ-ին անդամագրվելը շատ ավելի ձեռնտու էր Հայաստանին:
«ՄՄ գաղափարախոսությունը ռուսական կայսերապաշտությունն է, ԵՄ-ինը՝ մարդու իրավունքներն ու ազատությունները», – համեմատականներ անցկացնելով, մասնավորապես, ասել է Հայրիկյանը:
Բանախոսը նաև նշել է, թե ինքը ոչ քայլ չի ձեռնարկի և չի բողոքի, եթե անգամ իմանա, որ հանցագործներին բանտից ազատ են արձակում, քանի որ գտնում է, որ հանցագործը նույնպես պաշտպանվելու իրավունք ունի:
«Դրանց նմանները լիքն են, և ի՞նչ տարբերություն՝ երեք հոգի ավել, թե պակաս կթափառեն դրսում: Ինձ համար գոնե շատ կարևոր էր հրապարակավ գործը տեղ հասցնել: Ուրախ եմ, որ կանխազգացումս ճիշտ դուրս եկավ՝ 100 հազար դոլարը ուղարկված էր Ռուսաստանից և, դատարանը ոչ թե ինքնուրույն որոշեց՝ չքննել այդ գործով վկաներին, այլ լսեց հանցագործների խնդրանքը և չհարցաքննեց այդ մարդկանց», – ասել է Հայրիկյանը:
Նա նշել է, թե չի հասցրել մանրամասն խոսել իր փաստաբանի հետ, սակայն խոսելուց հետո միգուցե որոշ հարցերով իրենք էլ բողոքարկեն վճիռը:
«Հավատացնում եմ, որ դա չի լինի դատապարտյալների՝ առանց այն էլ որղորմելի վիճակը բարդացնելուն ուղղված քայլ, նման բան մեր կողմից բացառվում է», – եզրափակել է բանախոսը: