Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին երկրի կառավարությանը կոչ է արել Ռուսաստանի հետ այլևս «պոչ չխաղացնել»: Վրաստանի նախագահն այս հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ իր այցի շրջանակներում, հայտնում է Georgia Online-ը:
«Վերջին ամիսների ընթացքում մենք կորցրել ենք վերահսկողությունն ավելի մեծ քանակությամբ հողերի նկատմամբ, քան Քուրթայում և Թամարաշենում: Մինչդեռ, այդ մասին գրեթե ոչ ոք չի իմացել, իսկ Ռուսաստանը դրա դիմաց ոչ մի քաղաքական գին չի վճարել: Հաճախ ասում էին, որ դա տեղի էր ունենում այն պատճառով, որ Պուտինը ինձ տանել չէր կարողանում: Այժմ մենք համոզվեցինք, որ տեղի է ունեցել համակարգված հարձակում Վրաստանի ինքնիշխան սահմանների վրա՝ անկախ նրանից, թե ով է Վրաստանի իշխանության ղեկին»,- հայտարարել է Սաակաշվիլին:
Նրա խոսքով՝ երկրի դիրքերի պաշտպանության տեսակետից՝ Վրաստանի միակ հնարավորությունը միջազգային աջակցության պահպանումն է:
«Վրաստանի վարչապետը վերջին ամիսներին արևմտյան լրատվամիջոցների հետ հարցազրույցներում ասում է, որ պատերազմը Վրաստանն է սկսել: Նա նաև հայտարարել է, որ մեր երկիրը, պարզվում է, չպետք է ունենա հավակնություններ ոչ միջազգային ասպարեզում, ոչ տարածաշրջանային: Եթե մենք ոչ մի հավակնություններ չունենք, ու ամենը մեր մեղքն է, ո՞վ մեզ կօգնի: Մեր պաշտոնյաների խոսքից վերացել է «օկուպացիա» բառը, դրա մասին դադարել են խոսել նաև ամերիկացիներն ու եվրոպացիները: Սա Վրաստանի պատմության մեջ աննախադեպ երևույթ է»,- նշել է Միխեիլ Սաակաշվիլին:
Միևնույն ժամանակ, ըստ նրա, վերջին շրջանում Վրաստանի կառավարության կողմից Ռուսաստանի հանդեպ «բազմաթիվ անհասկանալի քայլեր են կատարվել»:
«Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով ոչ Միացյալ Նահանգներում է եղել, ոչ էլ Արևմտյան Եվրոպայի որևէ երկրում: Մեր դատախազը, սակայն, մի ամբողջ շաբաթ գտնվել է մեր օկուպանտի մայրաքաղաքում՝ Մոսկվայում»,- ասել է Սաակաշվիլին: