1998-99 և 2004-2013 թվականներին Հայաստանի գլխավոր դատախազի պաշտոնում աշխատած Աղվան Հովսեփյանը Դատախազության շենքը լքեց սեպտեմբերի 12-ին, իսկ արդեն 12 օր անց Սերժ Սարգսյանի կարգադրությամբ նոր պաշտոն ստացավ՝ Միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողովի նախագահ:
Հովսեփյանը՝ ՀՀ գլխավոր դատախազ աշխատելու տարիներին մշտապես եղել է հանրության ուշադրության կենտրոնում: Նրա անունը կապված է եղել աղմկահարույց գործերի հետ, Հովսեփյանի անձը գաղտնի նամակագրության մեջ չեն շրջանցել նաև ամերիկացի դիվանագետները:
Դրվագ 1. Նաիրի Հունանյանի կարմիր թղթապանակը
1999 թվականի հոկտեմբերի 27-ի ԱԺ-ում տեղի ունեցած ոճրագործությունից 14 տարի է անցել, և Աղվան Հովսեփյանի դերակատարության մասին ավելի քիչ են խոսում: Հոկտեմբերի 27-ին հաջորդած տարիներին, սակայն, Աղվան Հովսեփյանի դերակատության մասին շատ է գրվել: «Սեպտեմբերի 21» բլոգում, մասնավորապես, ԱԻՄ անդամ Վահագն Ղուկասյանն անդրադառնում է մի դրվագի, որն ուղղակիորեն մատնանշում է քննության թերությունները:
«1999թ. հոկտեմբերի 28-ին ՀՀ գլխավոր դատախազությունում գրանցվել է թիվ 18-18ՕԿԳ-99 գրություն, որով գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը ՀՀ զինդատախազին հանձնարարում է վարույթ ընդունել թիվ 62207199 քրեական (հոկտեմբերի 27-ի) գործը և սկսել նախաքննություն: Այս հանձնարարականի հետ առդիր ներկայացվել են 111 գործ թերթ կազմող քրեական գործի նյութերը…
Ինչպես նկատեցինք, հոկտեմբերի 27-ի նախաքննությունը Աղվան Հովսեփյանը զինդատախազին է մակագրել հոկտեմբերի 28-ին: Նույն օրը առավոտյան ԱԺ տարածքում կատարվել էր տեղազննություն, որտեղ հայտնաբերվել էր նաև Նաիրի Հունանյանի կարմիր թղթապանակը: Ըստ առողջ տրամաբանության, այդ թղթապանակը իր պարունակությամբ նույնպես պիտի գտնվեր զինդատախազության վարույթին հանձնված քրգործի նյութերում: Փաստն այն է, որ սույն թղթապանակը, մեկ ամբողջ օրից ավելի գլխավոր դատախազությունում պահելուց հետո, հոկտեմբերի 29-ին Աղվան Հովսեփյանը ԱԱ նախարարին՝ «Հարգելի Սերժ Ազատի» գրառումով մի գրություն է կազմում և այն ուղարկում ԱԱՆ, որպեսզի թղթապանակում եղած գրառումների համապատասխան օպերատիվ-որոնողական աշխատանքներ կատարվեն…
Գլխավոր դատախազի այս անգամ պաշտոնական բլանկով գրանցված թիվ 18-18Օ48-99 գրությունից պարզվում է, որ Աղվան Հովսեփյանի՝ թղթապանակը ԱԱ նախարարին ուղարկելուց հետո և վերջինիս տրամադրության տակ մեկ օր թողնելուց հետո, հոկտեմբերի 30-ին է միայն անհրաժեշտ գտնում այդ մասին տեղյակ պահել իրական հասցեատիրոջը՝ նախաքննությունը իրականացնող մարմնին», – գրում է Վահագն Ղուկասյանը:
Դրվագ 2. «Աստված հեռու պահի բոզի շառից»
Wikileaks.org-ը 2 տարի առաջ գաղտնազերծել էր ԱՄՆ Պետդեպի փաստաթղթերը, որոնց թվում կար նաև 2004-ից 2006 թվականը Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսի գաղտնի հաղորդագրությունը: Էվանսը պատմում է Աղվան Հովսեփյանի հետ իր հանդիպման մասին, որի համար առիթ էչ հանդիսացել 3 մարմնավաճառների հետ դեսպանատան աշխատակիցների զրույցը: Վերջիններս հայտարարել էին, որ իրենց Հայաստանից Թուրքիա են տեղափոխել Վրաստանի տարածքով կեղծ փաստաթղթերով, որից հետո բռնի կերպով պահել են և սպառնացել կալանքով: Դեսպանը վստահ է եղել, որ պատմությունները իրական են, իսկ մարմնավաճառները բողոքել են նաև գործը քննող քննիչների պահվածքից:
Էվանսը նամակում գրում է, որ Աղվան Հովսեփյանը տեղյակ էր հանդիպման պատճառի մասին և անթաքույց քմծիծաղ է տվել, երբ ինքը նշել է զրույցի թեմայի մասին: Հովսեփյանն ասել է դեսպանին, որ ինքն անձամբ քննել է մարմնավաճառների հայտարարությունները: Նրա խոսքերով՝ գործի ձայնագրությունները հստակ ցույց են տալիս, որ մարմնավաճառները ստել են:
«Հովսեփյանը նրանց անվանեց «անպատասխանատուներ և օրինախախտներ»: Նա միանշանակ կրկնեց, որ մարմնավաճառները բարկացել են այն փաստից, որ քննություն անցկացնողները չեն օգնել իրենց կավատից մնացած գումարը ստանալ և որ նրանց մեղադրանքերը պայմանավորված են գումար ստանալու ակնկալիքով: Նա պաշտպանում էր քննիչ Երեմյանին (սա զարմանալի չի թվում, քանի որ մենք ավագ քննիչ Արմեն Բոշնաղյանից տեղեկատվություն էինք ստացել, որ գործը հետաքննող Երեմյանը վայելում է Հովսեփյանի լիակատար աջակցությունը): Հովսեփյանը, Երեմյանին պաշտպանելիս, մեջբերել է մի հայկական ասացվածք` «Աստված հեռու պահի բոզի շառից»», – WikiLeaks-ի փոխանցմամբ գրել է ԱՄՆ դեսպանը:
Դրվագ 3. Աղվան Հովսեփյանն ու Մարտի 1-ը
2008 թվականի մարտի 1-ի երեկոյան և մարտի 2-ի վաղ առավոտյան Երևանի կենտրոնում տասը մարդ է սպանվել: Սպանություն իրականացնելու մեղադրանք ոչ մի անձի չի առաջադրվել: Սպանվածներից երկուսը՝ ոստիկանական ուժերում էին ծառայում, 8-ը՝ ընդդիմության ներկայացուցիչներն էին: Մարտի 1-ից անմիջապես հետո ՀՀ գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը լրագրողներին հայտարարեց, որ «մարտի 1-ին ոչ մի կրակոց չի եղել, հրազեն չի օգտագործվել»: Հետագայում պարզ դարձավ, որ մարտի 1-ին մարդկանց մահվան պատճառը հրազենային վնասվածներն են եղել:
Զենք-զինամթերք կրելու, զանգվածային անկարգություններ հրահրելու մեղադրանքով ճաղերի հետևում են հայտնվել 100-ից ավելի մարդիկ, որոնք միջազգային կառույցների և իրավապաշտպան կազմակերպությունների կողմից ճանաչվել են քաղբանտարկյալներ: Ընդդիմության ներկայացուցիչները, իրավապաշտպանները, բազմթիվ քաղաքական գործիչներ բազմիցս նշել են, որ քաղբանտարկյալների գործերը «թխել են» դատախազությունում, և դրա համար անձամբ պատասխանատու է եղել Աղվան Հովսեփյանը:
Դրվագ 4. Դարբինյան եղբայրներն ու Ֆոլկսվագեն Ֆաետոնը
2007 թվականից սկսած Աղվան Հովսեփյանի անունը կապում են գործարարներ Մանվել և Վարշամ Դարբինյան եղբայրների հակամարտության հետ: 2012 թվականի հունիսին խնդրին անդրադարձել է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ նշելով, որ Ղարիբյան եղբայրները համատեղ հիմնադրել և կառավարել են պաղպաղակ ու հրուշակեղեն արտադրող «Շանթ» ընկերությունը, նրանց են պատկանում նաև«Եվրովագեն» ընկերությունը, «Շանթ» ռեստորանային համալիրը: Սակայն, տարիներ առաջ եղբայրների միջև ինչ-որ վեճ է ծագել, և նրանք դադարել են համատեղ գործունեությունը:
«Ղարիբյանների ընտանիքի անդամները բազմիցս հայտարարել են, որ եղբայրների միջև ծավալված հակամարտությունը հրահրել է Աղվան Հովսեփյանը: Վարշամ Ղարիբյանը համարվում է Հովսեփյանի հովանավորյալը, և հենց դրանով է բացատրվում այն իրողությունը, որ իրավապահներն ամեն ինչ անում են մյուս եղբորը` Մանվել Ղարիբյանին ճնշելու համար», – գրել էր «ՀԺ»-ն:
Թերթը նաև նշել էր, որ Աղվան Հովսեփյանը տիրացել է նաև Մանվել Դարբինյանին պատկանող «Ֆոլքսվագեն Ֆաետոն» ավտոմեքենային: Մեքենայի վրա փակցված են եղել Գլխավոր դատախազության պետհամարանիշներ, թեև, թերթի պնդմամբ, այդ մեքենան դատախազության հաշվեկշռին չի եղել, ինչպես նաև չի պատկանել Հովսեփյանին: Ի դեպ, մեքենան Դարբինյանին պատկանելու մասին փաստը դեռևս 2011 թվականին «ՀԺ»-ի հետ զրույցում հաստատել է վերջինիս փաստաբան Բագրատ Վարդանյանը:
«Սիվիլիթաս» հիմնադրամի վերաբերյալ նիստում Հովսեփյանին Ֆաետոնի մասին հարց է ուղղել Աժ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով, որ Գլխավոր դատախազի դեմ կարելի է գործ հարուցել, քանի որ «այդ ուրիշի մեքենայի վրա կպցրել եք Գլխավոր դատախազության պետհամարանիշ և վարում եք»: Հովսեփյանը խորհուրդ է տվել Փաշինյանին «կատարել իր քաղաքացիական պարտքն իր մեքենայի մասին ինֆորմացիա ունենալու պարագայում, այսինքն՝ դիմել քննչական մարմիններին»:
Դրվագ 5. Աղվան Հովսեփյանը ԱԺ-ում
2012 թվականի հոկտեմբերին Աղվան Հովսեփյանը ԱԺ-ում ներկայացրել է «Սիվիլիթաս» հիմնադրամի գործը՝ պահանջելով ԲՀԿ-ական պատգամավոր, «Սիվիլիթաս»-ի հիմնադիր Վարդան Օսկանյանին զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից: Օսկանյանը մեղադրվում էր ամերիկացի բարերար Ջոն Հանթսմանի հիմնադրամից ստացած մոտ 2 միլիոն դոլարը յուրացնելու մեջ: Հովսեփյանը հայտարարել է, որ պաշտպանում է «Սիվիլիթաս»-ը ոնտձգություններից:
ԲՀԿ-ական Էլինար Վարդանյանը խոսել է 2012 թվականի մայիսին կայացած խորհրդարանական ընտրություններին 6-րդ ընտրատարածքում տեղի ունեցած իրադարձությունների մասին: Այդ ընտրատարածքում Աղվան Հովսեփյանի եղբայրը՝ Ռուբեն Հովսեփյանը պայքարում էր ԲՀԿ-ական Վահան Կարապետյանի դեմ: Վարդանյանը հիշեցրել է մամուլի հրապարակումները, որոնց համաձայն, Արմեն Կանեվսկոյի (Ռուսաստանում հայտնի օրենքով գող, մահացել է 2010 թվականին -խմբ.) եղբայրը 6-րդ ընտրատարածքում թաղային հեղինակությունների միջոցով ակտիվորեն աջակցել է Աղվան Հովսեփյանի եղբորը:
«Արդյոք նույն պատկան մարմինները, նույն դատախազությունը չնկատեցին այդ քրեական տարրերին: Այդ դեպքում ինչպես է, որ պետության դեմ ուղղված հանցագործություններին սկսում են անդրադառնալ միայն քաղաքական մոտիվացիայի դեպքում»,- ասել է Էլինար Վարդանյանը:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը իր խոսքում ասել է, որ ՀԱԿ-ը վստահություն չի տածում գլխավոր դատախազի ոչ բարոյական, ոչ պրոֆեսիոնալ հատկանիշների համար, քանի որ Աղվան Հովսեփյանի անձի հետ են կապված Հայաստանում բոլոր հակաօրինական հետապնդումները, շինծու քրեական գործերը, հոկտեմբերի 27-ի գործի տապալումը, մարտի 1-ի 10 սպանության չբացահայտման փաստը:
«Բոլոր հանցագործները սովորաբար վերջում փորձում են եկեղեցի կամ խաչ կառուցել: Պարոն դատախազ, փորձեք խաչ կառուցել», – ասել է Արամ Մանուկայնը: