Մասիսի փողոցի թիվ 31 հասցեում գտնվող «Գրանդ Քենդի» տարածքում վաղ առավոտյան բռնկված հրդեհը 10:00-ի դրությամբ մեկուսացվել է, այս պահին կատարվում են մարման աշխատանքները: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԻ նախարարության ներկայացուցիչ, գնդապետ Մուշեղ Ղազարյանը:
Նրա խոսքով՝ հրդեհը բավական մեծ մակերեսով է տարածված եղել՝ 1800 քմ: Քանի որ այն բռնկվել է վաղ առավոտյան, ընկերության տարածքում գրեթե մարդ չի եղել, զոհեր և վիրավորներ չկան: Հրդեհի պատճառների մասին առայժմ չի հաղորդվում:
Ինչպես դեպքի վայրից նշում է Epress.am-ի թղթակիցը, ընկերության տարածք են մտնում նոր հրշեջ մեքենաներ, ովքեր ջուր են բերում ներսում առկա օջախները հանգցնելու համար: Լրագրողներին ներս չեն թողնում՝ բացատրելով անվտանգության նկատառումներով: Ընկերության անվտանգության աշխատակիցները, սակայն, ասել են, որ ներսում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: