Ճամբարակի ոստիկանապետ Յուրա Գևորգյանն ու նրա երկու տեղակալները կալանավորվել են։ Կալանքի սանկցիան տվել է Արաբկիրի դատարանը՝ զինդատախազությունում քննվող մի գործի շրջանակներում։ Նրանց մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահում հոդվածով, տեղեկացնում է «Հրապարակ» օրաթերթը։
Սակայն, թերթի տեղեկություններով, խոսքը գնում է այլ գործի՝ ծեծի մասին։
«Հրապարակ»-ը գրում է, որ ՀՀ ոստիկանության լրատվության ծառայությունից ասել են, որ օգոստոսին Յուրա Գևորգյանն ու նրա տեղակալները ոստիկանապետի հրամանով ազատվել էին աշխատանքից և գտնվում էին կադրերի ռեզերվում։ Թե որն է ազատման պատճառը՝ ոստիկանությունից չեն ասել։
«Սակայն մամուլի արխիվներում մենք հայտնաբերեցինք, որ 2011-ի ամռանը Ճամբարակի ոստիկանությունում մի խայտառակ պատահար է գրանցվել. 34-ամյա տուժողը՝ Էմման, դուրս է նետվել, կամ նրան նետել են ոստիկանական ավտոմեքենայից, և նա հիվանդանոցում մահացել է։ Իսկ մեքենայում է եղել Ճամբարակի փոխոստիկանապետը։ Հետագայում դա ձևակերպել են որպես ինքնասպանություն՝ իբր տուժողն ու կասկածյալը, որոնց նստեցրել էին նույն մեքենայի մեջ, վիճել են, և կինն իրեն մեքենայից դուրս է նետել։ Այդ ժամանակ ոստիկանապետը Յուրա Գևորգյանն էր», – գրում է թերթը։