«Ռադիո Հայ»-ում ՊԵԿ-ի կողմից արտահերթ ստուգումներ սկսելու որոշումն ունի քաղաքական ենթատեքստ: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ռադիոկայանի սեփականատեր Անդրեաս Ղուկասյանը: Ըստ նրա՝ այդ մասին վկայում է այն, որ նույն տեսակի ստուգումներ կատարելու որոշում կայացվել է նաև իր կնոջը պատկանող մյուս ընկերությունում՝ «Ա-3 ճարտարապետներ» ՍՊԸ-ում և այս համընկնումը չի կարող պատահական լինել, այլ նպատակ է հետապնդում ֆինանսական ճգնաժամ ստեղծել ընտանիքի համար: Ղուկասյանի խոսքով՝ երկու հրամանները արձակվել են նույն օրը:
«Որոշումը չի համապատասխպանում օրենքի պահանջներին, ստուգման նպատակը և առարկան չէին արտացոլված: Դա հանձնարական էր չափագրություն անցկացնելու վերաբերյալ, և ներառում էր արտադրված ապրանքների չափագրման այնպիսի կետեր՝ բնական հանածոների և այլն, որոնք ակնհայտորեն ռադիոյի հետ կապ չունեին»,- ասել է Ղուկասյանը:
Նշենք, որ, ըստ ՊԵԿ-ի որոշման, «Ռադիո Հայ»-ում պետք է իրականացվի արտադրանքի արտադրության, օգտակար հանածոների արդյունահանման և իրացման, ապրանքների շրջանառության և ծառայությունների մատուցման ծավալների, ապրանքների պակասորդի, ինչպես նաև իրացման փաստացի գների (սակագների), այդ թվում՝ միջին, չափագրում։
Ղուկասյանը հիշեցրել է, որ սա առաջին քայլը չէ ռադիոյի դեմ՝ հիշեցնելով, որ հունվարին «Ռուսաստանի ձայն» (Голос России) ռադիոկայանը միակողմանի խզել է պայմանագիրը «Ռադիո Հայի» հետ: Այդ քայլը ևս, ըստ Ղուկասյանի, քաղաքական որոշում էր և իր քաղաքական գործունեությունը ճնշելու քայլ էր (Ղուկասյանն այն ժամանակ ՀՀ նախագահի թեկնածու էր): Ինչևէ, գործընկերից զրկվելուց հետո «Ռադիո Հայը» թեև ստիպված էր կրճատել իր զարգացման ծրագրերը, սակայն շարունակում էր աշխատել մինչ օրս:
Ի նշան բողոքի, ռադիոկայանի աշխատակազմը մինչև ս․ թ․ հոկտեմբերի 4-ը ներառյալ հայտարարում է գործադուլ։ Ամեն աշխատանքային օր, ժամը 12-ից սկսած, մեկ ժամով կդադարեցվի «Ռադիո Հայ» ռադիոկայանի եթերի սպասարկումը, իսկ մյուս ժամերին՝ կիրականացվի ավտոմատացված եղանակով։
Լուսանկարը՝ Flickr.com