«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում այսօր մեկնարկեց «Փորձարարական մանկավարժության ծրագրերի իրականացում հանրակրթությունում» 2013թ. ծրագրով նախատեսված հեղինակային կրթական ծրագրերի աշնանային ստեղծագործական ամենամյա 8-րդ հավաքը, որն իրականացվում է ՀՀ ԿԳՆ պատվերով:
Ինչպես հայտնում են կրթահամալիրից, Հանրային քննարկման են ներկայացվում 2013-2014 ուսումնական տարվա կրթական նախագծեր: Աշնանային հավաքը կտեւի սեպտեմբերի 26-ից 28-ը: Կրթահամալիրի բոլոր դպրոցներում այդ օրերին կիրականացվեն բաց դասեր, ակումբային պարապմունքներ, մասնագիտական ուսուցման բաց պարապմունքներ, նախագծային կրթության շրջանակում իրականացված աշխատանքների շնորհանդեսներ, ցուսահանդեսներ, շրջայցեր, համերգային ծրագրեր:
Այսօր մայր դպրոցի մարմարյա սրահում նախատեսված ընդհանուր պարապմունքը սկսվեց կրթահամալիրի հիմնով` «Անդաստան»: Այնուհետեւ սովորողներն ու ուսուցիչները հնչեցրին Ռաբինդրանաթ Թագորի աղոթքը: Աշնանային հավաքի մեկնարկը համընկել էր Կոմիտաս վարդապետի ծննդյան օրվան: Կրթահամալիրում հայտարարված են կոմիտասյան օրեր եւ իրականացվում է կրթական նախագիծ: Հնչեց Կոմիտասի «Հով արեք, սարերը»:
Ողջունելով աշնանային հավաքի մասնակիցներին՝ կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանն ասաց, որ լինելով նորարար-փորձարարական կրթական հաստատություն, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը հեղինակային կրթական նախագծերի միջոցով իրականացնում է վաղվա օրվան միտված այն կրթությունը, որը պետք է ձեւավորի ապագա Հայաստանի քաղաքացուն եւ նրան հանձնի առողջ ու կենսունակ հասարակության հեռանկարը: Այնուհետեւ դիմելով սովորղներին, նշեց. «Սիրելիներս, այն, որ դուք մեր կրթահամալիրի դպրոցներում ազատ եք, եւ որ ձեր կրթական գործընթացում կարողանում եք ձեզ երջանիկ զգալ ու իմացություններ ձեռք բերել առանց լարվածության, որ հնարավորություն ունեք բացահայտել ձեր շնոհքներն ու հետագա մասնագիտական ճանապարհի ճիշտ ընտրություն կատարել, ձեր կողքին, ձեր թիկունքին կանգնած ուսուցիչների շնորհիվ է: Մեր կրթահամալիրում տեղի ունեցող կրթական գործընթացները կազմակերպում են հիանալի մասնագետներ, կոչումով ուսուցիչներ եւ ես հպարտությամբ եմ դա նշում»:
Ամփոփելով «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում այսօր մեկնարկած. «Փորձարարական մանկավարժության ծրագրերի իրականացում հանրակրթությունում» 2013թ. ծրագրով նախատեսված հեղինակային կրթական ծրագրերի աշնանային ստեղծագործական ամենամյա 8-րդ հավաքը, տեղեկացնենք, որ սեպտեմբերի 26-ի օրակարգի շրջանակում կրթահամալիրի միջին դպրոցում բացվեց նոր ակումբ: Կազմակերպիչները` Լուսինե Սարգսյան, Շամիրամ Պողոսյան և Լիաննա Տեր-Պողոսյան:
Գեղարվեստի ավագ դպրոցում տեղի ունեցավ գծանկարի ուսուցիչ Գագիկ Չարչյանի նախագծով իրականացված «Կենսամշակութային արշավ Շուշի» ցուցադրության շնորհանդեսը` «հետքեր/ավերակներ/պերֆորմատիվ փաստագրություն» խորագրով, էկոլոգիական կրթության կազմակերպիչ Գայանե Առաքելյանի` «Քարեր եւ գույներ» նախագծով իրականացվող բաց դաս եւ Ջեյմս Սոնդերսի «Պատից այն կողմ» Էլեկտրոնային նոր գրքի շնորհանդեսը:
Տեղեկացնենք, որ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի այս տարվա նորամուծությունը մեդիակրթությունն է` կրթական գործընթացում լայն կիրառություն ունեն տեղեկատվական տեխնոլոգիաները, կրթությունը կազմակերպվում է նոթբուք-նեթբուքներով` առաջին դասարանից, կիրառվում են էլեկտրոնային գրատախտակներ, գրադարանը թվայնացված է: Կրթահամալիրի բոլոր դպրոցներում ու մասնաշենքներում գործում է առանց լարի (Wi Fi) ինտերնետային կապ: