Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելը կոչ է անում Հայաստանի իշխանություններին Մաքսային միությանն անդամակցելիս հարցը քննարկել ժողովրդի հետ: Նման հայտարարություն Ռայներ Մորելն արել է «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում:
«Բնական է, եթե դու ունես քո առջև կանգնած դժվար որոշումներ, դու պետք է առնվազն առաջարկես քննարկումներ սկսել, հարցերը պետք է քննարկվեն և մարդիկ պետք է իմանան՝ որ ճանապարհով են գնալու և ինչու են այդ ճանապարհով գնալու, և [այս կերպ], բնականաբար, դու կարող ես ավելի լավ բացատրել [քո դիրքորոշումը]: Հնարավոր է, որ նման քննարկում լինի, որովհետև արդեն իսկ կան հարցը քննարկող խմբեր, սակայն այդ քննարկումները ներքին են: Միգուցե հարցը քննարկվի նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և ժողովրդի հետ, որովհետև քաղաքականությունը ժողովրդի համար է նաև», – ասել է դեսպանը:
Ռայներ Մորելը խոսել է նաև այն հարցի շուրջ, թե ինչ ընթացք կունենան Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները Սերժ Սարգսյանի՝ սեպտեմբերի 3-ի հայտնի հայտարարությունից հետո, երբ Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո նա շատերի համար անակնկալ կերպով հայտարարեց Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշման մասին:
«Ի՞նչ կլինի հետո․․․ լավ հարց է: Արդեն ասացի, որ մենք կշարունակենք ներգրավվել․․․, քանի որ մենք սիրում ենք հայ ժողովրդին, դուք շատ մոտ եք մեր սրտին ու եվրոպական արժեքներին, գաղափարներին, մշակույթին: Իհարկե, մենք շարունակելու ենք պահպանել մեր հարաբերությունները Հայաստանի հետ, բայց որքան հեռու մենք կարող ենք գնալ՝ սա հարց է, որը քննարկելու ենք հայկական կողմի հետ, երբ այն պատրաստ կլինի», – հայտարարեց գերմանացի դիվանագետը:
«Սկզբունքորեն մենք պատրաստ ենք [դա անել], սակայն երկար ժամանակ կպահանջվի կրկին գործի անցնելու համար․ այնպես չէ, որ մենք ասելու ենք՝ շատ լավ, նստենք մի սեղանի շուրջ և վաղը սկսենք ճերմակ թղթից», – ասել է Ռայներ Մորելը: