Ռուսաստանցի սահմանապահները պնդում են, որ չեն կոտրել Զարուհի Փոստանջյանին ուղեկցող անձի տեսախցիկը: Այս մասին հայաստանյան պետական «Արմենպրես» լրատվական գործակալությանը հայտնել են ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության ՀՀ-ում Սահմանապահ վարչությունից:
«Սեպտեմբերի 25-ին Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Զ. Ա. Փոստանջյանն անձանց խմբի հետ գտնվել է Սյունիքի մարզի (նախկին Մեղրու շրջան) տարածքում` հարակից Հայաստանի Հանրապետության` Իրանի Իսլամական Հանրապետության հետպետական սահմանին, որն, ըստ Ռուսատանի և Հայաստանի միջև կնքված միջպետական պայմանագրի, հսկում են Ռուսաստանի սահմանապահները:
Այդ ժամանակ Ռուսաստանի ԱԴԾ-ի Հայաստանի Հանրապետությունում Սահմանապահ վարչության աշխատակիցները Հայաստանի իրավապահ մարմինների հետ իրականացնում էին օպերատիվ-որոնողական միջոցառումներ քրեական հանցագործության մեջ կասկածվող անհատների ձերբակալման ուղղությամբ:
Ժամը 20:00-ի շրջանում Երևան-Մեղրի ճանապարհի վրա կանգնացվել է մի մեքենա, որում գտնվել է Փոստանջյանը:
Փոստանջյանի փաստաթղթերի ստուգման ընթացքում վերջինս ներկայացրել է պատգամավորի վկայականը և կոպիտ կերպով բացատրություններ է պահանջել: Սահմանապահի կողմից կանգնեցնելու վերաբերյալ բացատրությունների տրամադրումից հետո Փոստանջյանն ու իր ուղեկցող անձինք իրենց դրսևորել են հանդուգն կերպով (խմբ. вызывающе), փորձել են սադրել հակաիրավական գործողություններ, հրապակայնորեն տեսանկարահանում էին սահմանապահ ծառայություն իրականացնողներին: Հակառակ պատգամավորի պնդումների` սահմանապահ ծառայության աշխատակիցները տեսանկարահանման սարքը չեն կոտրել:
Ավելին, դեպքի վայր է ժամանել Սահմանապահ վարչության ներկայացուցիչը, ով ճշտել է դեպքի մանրամասները և կարգավորել խնդիրը:
Այնուամենայնիվ, Զ. Ա. Փոստանջյանը և նրան ուղեկցող անձինք մտադրված փորձում էին նոր կոնֆլիկտ հրահրել` վիրավորելով սահմանապահներին:
Իրենց գործողություններով Զ.Ա. Փոստանջյանի գլխավորած խումբը կանխամտածված խոչընդոտել է սահմանապահ ծառայության ներկայացուցիչների պարտականությունների կատարումը` կապված սահմանի պահպանության հետ, դրանով իսկ հանցագործների որոնման և ձերբակալության համար իրական վտանգ ստեղծելով:
Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ վարչությունը ցավում է տեղի ունեցածի համար:
Միաժամանակ անհրաժեշտ ենք համարում հանրության ուշադրությունը հրավիրել սահմանապահ ռեժիմի և սահմանի ռեժիմի կանոնների պահպանման անհրաժեշտության վրա: Սահմանի ռեժիմը բոլորի համար նույնն է` լինի դա խորհրդարանական կամ շարքային քաղաքացի:
Այս համատեքստում ցանկանում ենք հիշեցնել Ազգային ժողովի, որիանդամ է Զ. Ա. Փոստանջյանը, կողմից ընդունված Հայաստանի Հանրապետության «Պետական սահմանի» մասին օրենքի 34-րդ հոդվածը. «Պետական մարմինները, պաշտոնատար անձինք, քաղաքացիները ևկազմակերպությունները պարտավոր են իրենց հնարավորությունների սահմաններում աջակցել Սահմանապահ զորքերին` պետական սահմանի պահպանման հարցում, Սահմանապահ զորքերին անհապաղ հայտնել պետական սահմանին սպառնացող վտանգի մասին», – ասված է ռուսաստանյան կողմի հայտարարության մեջ:
Նշենք, որ «Արմենպրեսը» ռուսաստանցիների պատասխանը տարածել է ԶԼՄ-ներին՝ նշելով, որ այն բաց է հրապարակման համար:
Ինքը՝ Զարուհի Փոստանջյանը, ավելի վաղ նշել էր, որ ռուսաստանցի սահմանապահները խոչընդոտել են իրենց տեղաշարժը՝ փակելով ճանապարհը: Խնդրի կապակցությամբ նա դիմել է ոստիկանություն: