ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ոստիկանությունում հանցագործության մասին հաղորդում է տվել երեկ ռուսաստանյան ՖՍԲ-ի (Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայություն) ծառայողների կողմից իր մեքենան միջպետական ճանապարհին կանգնեցնելու փաստի առթիվ:
«Ես արդեն դիմել եմ ոստիկանություն: Հետամուտ եմ լինելու և պահանջելու եմ, որ Հայաստանի իշխանությունը իրավական գնահատական տա կատարվածին»,- Epress.am-ի հետ զրույցում ասել է Փոստանջյանը:
Պատգամավորը հաստատել է, որ ռուսաստանցի սահմանապահների հետ եղել են նաև ՀՀ ՊՆ զինծառայողներ, որոնք, սակայն, Փոստանջյանի խոսքով, զինակոչիկներ էին և իրենք էլ ասում էին, որ իրավասություն չունեն միջամտելու ռուսաստանցի սահմանապահների գործողություններին:
Հիշեցնենք, որ Փոստանջյանը Սյունիքի մարզի Լիճք համայնք էր գնում 38 ընտրատարածքի պատգամավորական ընտրություններին «Ժառանգության» թեկնածուի քարոզարշավին մասնակցելու: Սահմանապահները փակել էին «Ժառանգության» մեքենաների ճանապարհը, ապա կոտրել Փոստանջյանի հետ քարոզարշավին մասնակցող Դավիթ Հակոբյանի տեսախցիկը:
Epress.am-ը դիմել է ոստիկանություն՝ խնդրելով պարզաբանել, թե արդյո՞ք, ըստ ՀՀ օրենքի, այլ երկրի սահամանապահներն իրավունք ունեն կանգնեցնել և ստուգել որևէ մեքենա, թե՞ դա միայն ՀՀ ոստիկանության մենաշնորհն է:
Այս հարցին Ոստիկանության աշխատակից Արմեն Մալխասյանը պատասխանել է. «Մեղրիի բաժնում այդ գործով քննություն է գնում, ավարտվի, կպատասխանենք»: