Պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանին զոհաբերել է գործող գնդապետների ու փոխնախարարների շարասյունը՝ Պաշտպանության նախարարությունում կայացած հանդիպումից հետո: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք է հայտնել «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արայիկ Խուդավերդյանը, ով Ավետիսյանին կալանավորելը համարել է «պետականորեն կատարված նուրբ տեռոր»՝ սոցիալական խնդիրները և օրենքի բացը առաջ քաշող մարդու նկատմամբ:
«Մենք տանելու ենք նրա առաջ քաշած պայքարը ու այն դավադիր ուժերը, ում գրպանին հարված է հասնելու սոցիալական հարցերի բարձրացմամբ, թող գիտակցեն, դատարկեն իրենց գրպանները, հանեն նրա վրայի կեղծ, շինծու հոդվածը, ազատեն Վոլոդյային այնպես, ինչպես նրբորեն տեռորի ենթարկեցին նրան», – ասել է Խուդավերդյանը:
Վերջինս նշել է, թե իր և իր ընկերների վաստակն ու դափնիներ կրողները այսօր հայտնվել են առյուծի կարգավիճակում և փորձում են ոչնչացնել իրենց:
«Մարտական շակալ ընկերներն այսօր պետական հովանու տակ, մեջքով շրջվել են մեզ և գոտկատեղից ներքև հարվածներ են հասցնում մեզ: Նրանք մերն են այնքանով, որ աճել են մեր ձեռքի տակ, բայց ծառայում են ուրիշի՝ մեր բռից կերած, ածում են ուրիշի բնի մեջ: Անուններ չեմ տա, բոլորն էլ լավ գիտեն այդ շարասյունային անունները՝ սկսած հանրապետության առաջին դեմքից մինչև վերջին մահկանացուն: Բոլորին է հայտնի՝ ով ինչպես ներմուծվեց քաղաքական ու ռազմի դաշտ, ինչպիսի ծակ նասկիներով եկան ու այսօր ինչպիսի մեքենաներից ու ծառայություններից են օգտվում», – ասել է Խուդավերդյանը: