Այսօր «Տոլիշի սադո» թերթի խմբագիր Հիլալ Մամեդովին դատարանը դատապարտել է 5 տարվա ազատազրկման: Նա մեղավոր է ճանաչվել բոլոր մեղադրանքներով: Մամեդովը պատիժը կրելու է խիստ ռեժիմի գաղութում: Լրագրողին ձերբակալ էին «Տի կտո տակոյ, դավայ, դո սվիդանյա» տեսանյութը ցանցում տեղադրելուց հետո:
Դատավորի՝ վճիռն ընթերցելուց հետո դահլիճում ներկաները անեցքներ են հնչեցրել դատարանի հասցեին:
Ինքը՝ Հիլալ Մամեդովը, դահլիճին դիմելով, ասել է, որ իրեն միայն Աստված կարող է դատել: Բացի այդ, հատուկ դիմելով լրագրողներին, նա նշել է, որ չի պատրաստվում ներում խնդրել:
Մամեդովի փաստաբանները վճիռն անարդար ու անհիմն են անվանել ու հայտարարել, որ պատրաստվում են այն բողոքարկել:
Իր եզրափակիչ ճառում՝ վճիռի հրապարակումից առաջ, մեղադրյալը շնորհակալություն էր հայտնել բոլոր նրանց, ովքեր ձերբակալման պահից ի վեր աջակցել են իրեն կամ իր պատճառով խնդիրներ ունեցել: Նա հատուկ շնորհակալություն էր հայտնել իր փաստաբաններից: Անդրադառնալով մեղադրանքներին՝ Մամեդովն իր դեմ հարուցված քրեական գործն անվանել էր «ամոթալի բիծ ոչ միայն Ադրբեջանի իրավապահ համակարգի, այլ նաև երկրի իմիջի վրա»:
«Սա պաշտոնական ու ոչ պաշտոնական զրույցներում ընդունում էին Դատախազության, ԱԱն, Արդարադատության նախարարության շատ ներկայացուցիչներ, բայց ոչինչ անել չէին կարողանում»,- ասել էր Մամեդովը:
Մամեդովը ձերբակալվել էր 2012 թվականի հունիսի 21-ին: Նա մեղադրվում է պետական դավաճանության, ներազգային անհանդուրժողականություն հրահրելու ու թմրանյութերի վաճառքի մեջ:
Այսօրվա դատական նիստին հետևել են ԵՄ-ի, ԵԱՀԿ-ի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Նորվեգիայի դեսպանատների ներկայացուցիչները:
Լուսանկարը՝ «Թուրան» գործակալության. դատարանի շենքի մոտ