Հայաստանի տարբեր գերատեսչությունների բոլոր մանր ու միջին չինովնիկները այսուհետ անարգել, էլ ավելի «դուխով» կարող են Երևանի փողոցներում օրը ցերեկով մարդկանց ծեծի ենթարկել, գլխներին խփել, մարմնական վնասվածքներ հասցնել, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Նշենք, որ խոսքը՝ հուլիսի 17-ին Հանրապետության հրապարակում Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության պետ Արման Եդոյանի կողմից փուչիկ վաճառող 25-ամյա Արսեն Սաքանյանին ծեծի ենթարկելու մասին է։
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության աշխատակիցը երեկ թերթի թղթակցին հայտնել է, որ այդ դեպքի առիթով քրեական գործի հարուցումը մերժվել է՝ ՀՀ Քրեական դատավարության 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով (հանցակազմի բացակայություն): «ՀԺ»-ն հիշեցնում է, որ Արման Եդոյանի հարվածներից հետո 25-ամյա Արսենը ուշաթափվել էր, նրան տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն»: