Տրանսպորտի թանկացման երկրորդ փորձը չէր լինի, եթե առաջին փոքր հաղթանակից հետո ակտիվիստները տրասնպորտային համակարգը կարգավորելու համար աշխատանքը չդադարեցնեին: Այդ գործը դեռ կարելի է անել հիմա, եթե այս անգամ ևս հանրությունը միավորվի և կրկին պառալիզացնի քաղաքային տրանսպորտի աշխատանքը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է քաղաքացիական ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանը:
«Այս թանկացումը կապում եմ ընտրությունների ավարտի հետ: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ այդ ծառայությունները մատուցվում են ոչ պատահական մարդկանց կողմից՝ կամ ռեժիմը ներկայացնող ընտրանիքների, կամ ընտրությունների ժամանակ նրանց սպասարկողների կողմից, ովքեր մարդկանց էին երթուղայիններով տանում ընտրատեղամասեր: Հիմա եկել է այդ մարկանց «փոխհատուցելու» ժամանակը: Թանկացումը միայն նրանց եկամուտները մեծացնելուն է ուղղված»,- ասել է Կիվիրյանը:
Նրա խոսքով՝ այս անգամ համաքաղաքային շարժում սկսելը ավելի բարդ է լինելու, քանի որ, ի տարբերություն առաջին մեծ բողոքի ալիքի, այժմ քաղաքապետարանը հիմնովին պատրաստված է, անակնկալի չի գա: Պատրաստությունների շարքում էին քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ բռնություններ կիրառելու դեպքերը, որոշ շոու-բիզնեսի ներկայացուցիչների հետ «զրույցները»՝ հորդորները չմասնակցել «անվճար մեքենա» ակցիային և այլն:
«Եթե մենք չընդվզենք, նրանք 200, 300, դրամ էլ կդաձնեն տրանսպորտի սակագինը, և որևէ որակի փոփոխություն չեն անի: Մենք կարող ենք 100 դրամով էլ այդ հարցերը լուծել»,- ասել է Կիվիրյանը:
Ասուլիսի մեկ այլ մասնակից, ակտիվիստ Անի Կաղինյանն էլ անդրադարձել է նոր սակագնի որոշման համար ստեղծված հանձնաժողովի կազմին: Ըստ նրա՝ այդ հանձնաժողովը անվստահելի է և ոչ լեգիտիմ, քանի որ դրանում մեծամասամբ ընդգրկված են ՀՀԿ-ականները, այդ թվում՝ Հենրիկ Նավասարդյանը, Գևորգ Մելքոնյանը, և այդ հանձնաժողովը կազմվել է ոչ թե օրենքի համաձայն, այլ Տարոն Մարգարյանի հրամանով:
Կաղինյանն ասել է, որ իրենք նախաձեռնել են այլ հանձաժողովի ստեղծել, և այդ իրապես հանրային հանձնաժողովը առաջին նիստը գումարելու է հոկտեմբերի 4-ին: